Իրանում ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով կտրուկ արագացել են գնաճի տեմպերը՝ պատժամիջոցները կիսով չափ կրճատել են նավթի վաճառքից ստացվող եկամուտների չափը: TradingEconomics-ի տվյալներով՝ ապրիլին Իրանում սպառողական գներն աճել են 51,4%-ով՝ համեմատած նախորդ տարվա ապրիլի ցուցանիշների հետ: Մարտի համեմատ՝ գնաճն արագացել է 3,9%-ով և ռեկորդային է դարձել 1995թ. դեկտեմբերից ի վեր: Ամենից շատ թանկացել է սննդամթերքը՝ 84%, հագուստի, կոշկեղենի և տրանսպորտային ծառայությունների գներն ավելացել են կիսով չափ: Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, չորս ամսում «սև շուկայում» արժեզրկվել է 17%-ով և շարունակում է անկում ապրել նավթի արտահանման ծավալների կրճատման ֆոնին: Ապրիլին Իրանն օրական 1 մլն բարելից էլ քիչ նավթ է արտահանել, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին երկիրն արտահանել էր 2,3 մլն բարել: Իրանը կրել է 10 մլրդ դոլարի վնաս: