«Փաստը» գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության համաշխարհային համաժողովում հայտարարել է, թե բացակայում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Ալիևը շարունակել է «վատանալ» և նշել է, թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել. «Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»: Ադրբեջանի նախագահիհռետորաբանությունը մի քանի ամսվա իբր «կառուցողական» շեշտադրումներից հետո ակնհայտորեն նորից փոխվել է՝ վերադառնալով ի շրջանս յուր: Սակայն խնդիրը միայն Ալիևի ու ալիևականների ռազմատենչ ելույթները չեն, անցյալ օրերին հրադադարի ռեժիմը քանիցս խախտվել է, հակառակորդը թիրախավորել է ինչպես Հայաստանի Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, այնպես էլ Արցախի արևելյան (Ակնա) հատվածը: Բաքվի նման քաղաքականությունը զարմանալի չէ, արտառոցն այն է, որ Հայաստանի պետական ու քաղաքական գործիչները խոսում են ամեն ինչից՝ սառն անտարբերությամբ լռություն պահպանելով առաջնագծից ստացվող մտահոգիչ լուրերի կապակցությամբ: Օրինակ՝ Հայաստանի Տավուշի մարզը գնդակոծվեց ճիշտ այն օրը, երբ Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը, ու դա պատահական չէր: Զարմանալի է, որ Հայաստանի վարչապետը որևէ կերպ իր գործընկերների ուշադրությունը չհրավիրեց այս փաստի վրա, գոնե՝ հրապարակային քաղաքականության մակարդակում: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ բազմաթիվ առիթներով արժևորել են, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը»՝ Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ, պետք է խոստովանել, անցած տարվա սեպտեմբերից առաջնագծում հարաբերականորեն պահպանվում էր հրադադարը: Վերջին օրերին իրավիճակ է փոխվել, ինչը ենթադրել է տալիս, որ կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են մեծացնել պատերազմի վերսկսման ռիսկերը»: