Այսօր ուշ երեկոյան հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը: «Լիվերպուլ»-ն ընդունում է «Բարսելոնա»-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Անգլիական թիմի վիճակը ծանր է վնասվածքների պատճառով: «Լիվերպուլ»-ի հարձակման գծի առաջատար եգիպտացի Մոհամեդ Սալահն անցած շաբաթ օրը «Նյուքասլ»-ի հետ խաղում գլխի վնասվածք է ստացել և պատգարակով դուրս է բերվել դաշտից: Վնասվածք է ստացել նաև բրազիլացի հարձակվող Ֆիրմինյոն: «Լիվերպուլ»-ի մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ երկուսն էլ չեն կարող խաղալ: Նա ասել է, որ Սալահն ուղեղի ցնցում ունի, շատ է ուզում խաղալ, բայց բժիշկներն արգելում են: Կլոպն ասել է, որ բոլորը գիտակցում են, թե ինչ բարդ կացություն է, բայց թիմը ցանկանում է լավ խաղ ցույց տալ և հաղթել: Դա կլինի մոտեցումը «Բարսա»-ի հետ խաղում:
Վաղն «Այաքս»-ն է խաղալու Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ: Առաջին հանդիպումն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով: «Տոտենհեմ»-ի թիվ մեկ հարձակվող Հարի Քեյնն էլ վնասվածքի պատճառով չի խաղալու: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդի Estadio Metropolitano մարզադաշտում: