Բրատիսլավայում տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Վիշեգրադյան քառյակի՝ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպումից և բարձրաստիճան համաժողովից առաջ, որ հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ Վիշեգրադյան քառյակի հետ:
ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրել է ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Նա առավել կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրներում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Նա արժևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, որ նոր խթան կդառնա Հայաստանի և ԵՄ պետությունների գործընկերության ամրապնդման համար:
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից: Նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը: