«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի քաղաքականությունից. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական թերթերից մեկին հարցազրույցում: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով: Ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաև բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: «Փաստի» տեղեկություններով՝ ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձևաչափ: Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետևյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն կա ռուսական գործոնը: Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել ակնհայտ համագործակցությունից: Թե ինչ դիվանագիտական լուծումներ կգտնի, որ չնեղացնի ոչ ամերիկացիներին, ոչ ռուսներին, դժվար է պատկերացնել»: