«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Այս երկու պետական մարմինների միջև տևական ժամանակ միջգերատեսչական գզվռտոց է: Պատճառն աշակերտուհիներին, առանց ծնողների թույլտվության, գարդասիլ պատվաստելու մասին ահազանգն է, որը հետագայում հերքվել է: Պարզվել է՝ աղջիկները, որոնց մասին Աբովյան քաղաքի ուսուցիչներից մեկը բարձրաձայնել էր, ցանկացել են դասից ազատվել և պատճառ են բերել պատվաստումը: Տեսչությունը վարույթ է հարուցել, ինչը նախարարին դուր չի եկել, և նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել: Բայց այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին: Ստացվում է՝ նախարարը պայքարում է իր կադրերի դեմ»: