Մայիսի 6-ին Չեխիայում հազարավոր մարդիկ Պրահայի կենտրոնական փողոցներ են դուրս եկել՝ բողոքի ցույց անցկացնելու վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կառավարության դեմ, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները մեղադրել են Բաբիշին կոռուպցիայի համար: Նրանք պահանջել են արդարադատության նոր նախարար Մարիա Բենեշովայի հրաժարականը: Ցույցի մասնակիցները մտավախություն են հայտնել, որ Բենեշովան կարող է արդարացնել Բաբիշին նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասով: Ցույցի մասնակիցները ծածանել են ազգային դրոշը և վանկարկել «Մենք կույր չենք» կարգախոսը: Մասշտաբային ցույցեր են եղել Բռնո և Օստրավա քաղաքներում: Ցուցարարները հիշեցրել են հետաքննության մասին, որի արդյունքում բացահայտվել էր, որ միլիարդատեր և նախկին ձեռնարկատեր Բաբիշը 2007-ին իրեն պատկանող Agrofert ընկերության օգտին Եվրամիությունից ապօրինաբար 2 մլն դոլարի սուբսիդիաներ է ստացել, որ նախատեսված էին մանր ձեռնարկությունների աջակցության համար: Վարչապետը ժխտել է մեղադրանքները: