Թեև բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, սակայն ամենակարևորը` պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին Ծառուկյանից, թե ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը, հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա։ «Պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարևորը, ես էլի եմ ասում, պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ծրագիր, ցանկացած ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ», - պատասխանեց ԲՀԿ նախագահը։ Հարցին՝ հնարավո՞ր է մանդատը վայր դնի, որ խոսակցությունները դադարեն, Ծառուկյանն արձագանքեց. «Իմ պատասխանում և իրավական, և քաղաքական լիարժեք պատասխանը բարձր մակարդակով ներկայացված է։ Ես նորից եմ ասում՝ այսպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին, ներդրմանը։ Այս 15 օրվա լարվածությունն՝ անհիմն է, մեջը ոչ մի բան չկար, սա ազդում է, և այո, այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, 12- 18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող ա մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի։ Ներդրողը պետք է վստահ լինի, հավատք ունենա, այս ձևի մանր-մունր խոսակցությունները չի կարելի, կարամ գրեմ, ստորագրեմ, դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա, որ մարդկանց մեջ մտավախություն կա՝ այս երկրում ներդրում դնեն, թե՝ ոչ»։