«Ջոն Բոլտոնի այցից հետո Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու թեմայի վերաբերյալ զարգացումներ չկան»՝ Երևանում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։ Հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել էր, որ եթե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, ԱՄՆ-ն կնախընտրեր, որ Հայաստանը գներ ամերիկյան ռազմական տեխնիկա։ Ջորջ Քենթն այսօր ասաց․ «Այդ հարցի վերաբերյալ զարգացումներ չկան, որոնց մասին կարող եմ հայտնել: Դուք լսել եք, թե ինչ է ասել դեսպան Բոլտոնը, երբ հոկտեմբերին այցելել էր Հայաստան: Ինչպես արդեն նշեցի, նորություններ չկան նրա հրապարակային բարձրաձայնած հնարավորություն մասին»։
Խոսելով տարածաշրջանի անվտանգության մասին՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ընդգծեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ բոլոր երկրները խաղաղ գոյակցեն հարևանների հետ․ «Այդ պատճառով էլ մենք Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք, աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու ուղղությամբ։ Մենք մասնակցում ենք նաև Ժնևի միջազգային քննարկումներին, որը փորձում է լուծում գտնել Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցի վերաբերյալ»: Ջորջ Քենթն ավելացրեց, որ տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս չի կարող չանդրադառնալ Իրանին և Սիրիային. ֊ «Դժբախտաբար Իրանն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում՝ սատարելով Համասին Գազայի հատվածում, որը հրթիռակոծում է Իսրայելը՝ ստանալով հակահարված»։
Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում մասնակցում էր Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստին, որի օրակարգը, Քենթի խոսքով, հագեցած էր․ անդրադարձել են համագործակցության բազմաթիվ ոլորտների՝ Հայաստանի գյուղերում անգլերենի ուսուցման խորացումից մինչև շրջակա միջավայրի պահպանության հարցերի։
ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ, կողմերը ստորագրել են երկխոսության նոր մակադակի վերաբերյալ փաստաթուղթ․ «Արդյունքներով ստորագրվեց այս պայմանագիրը, որը փաստեցերկխոսության այն մակարդակը, որը այսօր մենք արձանագրեցինք ամբողջ օրվա աշխատանքի ընթացքում»: