ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը թվարկում է իր փաստերն ու ասում այս մեկ տարին կատարյալ ձախողման և չկատարված խոստումների տարի էր. «Իմ կարծիքով, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի համար եղել են կորստի տարիներ թե անվտանգության, թե տնտեսության, թե ձեռքբերումների և թե հասարակության սպասումների արդարացման հետ կապված: Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, իմ խորին համոզմամբ, շանտաժով:
Նա նշեց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, և սա բացահայտ շանտաժ էր քաղաքական ուժերին: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում շատ բարձր նշաձող դրեց, նաև իր կողմնակիցները հայտարարեցին, որ բյուջեն շուրջ 30 տոկոսով կավելանա, 800 միլիոն դոլարով: Այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի հայտարարած թիվը՝ սկզբում 40 միլիարդ, հետո կարծեմ 62 թե 64 միլիարդ դրամ, ինչը ակնհայտորեն մի քանի անգամ պակաս է, քան նախապես հայտարարված 800 միլիոնը: Խոսում էր ներդրումային բումի մասին, մենք ներդրումային բում չունենք: Եթե ինքը 100 փաստեր ունի ու պահեստային, ես ունեմ 1000 փաստեր ու մի հազար էլ պահեստային»: