«Փաստը» գրում է. «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ, եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, պաշտպանության, արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձևաչափով, քան նախորդն էր: Նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երևակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց և սթափության կոչ արեց: «Փաստի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել և նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Լուրջ դժգոհություններ են եղել նաև ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից: Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է՝ «դու արել ես էդ հայտարարությունն, ինքդ էլ տակից դուրս արի»:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ Իգիթյանին զգուշացրել են, որ ևս մեկ «լյապից» հետո գուցե և մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ»: