«Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է»՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, որ Քոչարյանը փորձում է միավորել ընդդիմությանը, և նրան իրենց աջակցություն են հայտնում նաև Արցախի իշխանությունները: «Դա իրենց գործն է, իրենց խնդիրը, ՀՀ-ն և իր ներքին գործերն ունի՝ Քրեական դատավարության օրենսգիրքը, մնացածը, կարծում եմ, դատարանն իր պատասխանը միանշանակ կտա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող ընդդիմությանը, Արցախում ՀՅԴ-ի կազմակերպած ֆորումի մասին նա նշեց, որ չի կարծում՝ կստացվի, բոլորին է հայտնի մարդկանց վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ: «ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է: Թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշի, իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է: Ավելի լուրջ մրցակից եմ համարում մեր գործող ընդդիմությանը, խորհրդարանական մեր ընդդիմության գործընկերներին, իսկ նախկին բեկորները, որ միավորում են մի նպատակով, որ փրկեն այն ամենը, ինչ ժամանակին արել են, փրկեն իրենց»,-ասաց Ալեն Սիմոնյանը: