Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ երթով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Փաշինյանն այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի:
Այսօր կայացել է նաև Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շեշտել են մայիսի 9-ի տոնական միջոցառումների կարևորությունը, քննարկել Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: