Մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին, որի կազմում են եղել ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվեն Չուն, գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանը և Գևորգ Հայրապետյանը: Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատումն է: Համապետական ձևաչափով գնահատումը կատարվելու է առաջին անգամ: Հանդիպման շրջանակներում քննարկման առարկա են դարձել Հայաստանի ազգային արձագանքման համակարգի, պատրաստվածության, արձագանքման կարողությունների, քաղաքացիական իշխանություններին՝ պաշտպանական կառույցների աջակցության, փոխադարձ օգնության կազմակերպման պլանավորման և վարժանքների անցկացման հարցերը:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման գործող հայեցակարգը, ըստ որի ԱԻՆ-ը աղետների դեպքում պետական լիազոր մարմինն է, իսկ մյուս գերաստեսչությունները՝ օժանդակող:
Այս իմաստով, բոլոր պետական գերատեսչություններն ունեն աղետներին դիմակայելու իրենց պլանները, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայնեցնում են ԱԻՆ-ի հետ: Նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում գրանցվում են աղետների գրեթե բոլոր ձևերը, նաև ունենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված տեխնածին աղետների վտանգ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն թաղամասում կա թունաքիմիկատների գերեզմանոց, իսկ տարբեր գործարաններում՝ քիմիական տարաբնույթ թափոններ:
Ըստ նախարարի՝ ՀՀ տարածքում ունենք վարարումների, սողանքների, անտառային հրդեհների, երկրաշարժերի ռիսկեր: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է աղետների կանխարգելումը, որին հնարավոր է հասնել կրթության, վարժանքների, արդիական տեխնիկային տիրապետելու և փրկարարի առաքելությունը գիտակցելու համատեղմամբ:
Սքոթ Մորլենդը նշել է, որ թիմն առաքելության շրջանակներում հանդիպումներ է ունենալու նաև այլ պետական գերատեսչություններում: Ըստ Կարլ Ֆրանցի՝ գնահատումն ընդգրկելու է կառավարական գերատեսչությունները և նպատակ է ունենալու տեղեկություններ հավաքել պատրաստվածության ու արձագանքման հարցերի վերաբերյալ։ Գնահատման արդյունքները արտացոլվելու են գրավոր զեկույցում, որն օգտագործվելու է համագործակցության և աջակցության առաջնահերթությունները հատկանշելու համար: