Մենք զինադադարի կնքման օրը համարում ենք մայիսի 12-ը, բայց դա երկար գործընթաց է եղել՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հիմնական նիստը եղել է մայիսի 16-ին, որտեղ առաջին անգամ ֆիքսվել է շփման գիծը։ Սա կարևորագույն խնդիր է։ Մյուս օրը սկսեցինք զորքերի տեղաշարժը որոշել։ Ադրբեջանը չէր համաձայնում, որ լինեին միայն ռուսական զորքերը և դիտորդները։ Իրենք առաջարկ արեցին, որ 10 օր հետո զորքերը մտնեն Ղարաբաղի 1988 թվականի սահմաններ։ Ադրբեջանցիները նպատակ ունեին, և մենք դա պետք է գիտակցեինք։ Իրենք գնացել էին հրադադրի, որպեսզի այս պայմանագրի միջոցով լուծեն ազատագրված տարածքների հարցը։ Թե ոնց եղավ, որ դա չեղավ, դեռ չեմ ասի։ Ժամանակը գա, կպատմեմ», - մանրամասնեց նա։ Ադրբեջանի նմանօրինակ վարքը պաշտպանության նախկին նախարարը տակտիկական հնարք որակեց՝ ժամանակ շահելու համար։
«Երբ դեկտեմբերի 17-ին իրենք սկսեցին հարձակումը, մենք այդ ժամանակ ջարդեցինք իրենց հարվածային ուժերը։ Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի։ Իրենք լրջագույն վախեր ունեին, որ մենք առաջ կգնայինք Միրբաշիրի ուղղությամբ», - նշեց ՊՆ նախկին նախարարը: