Բրյուսելում առավոտից սկսվել են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի հանդիսավոր միջոցառումները: ԱԳ նախարարների հավաքը վարում էր ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով, ձեռքսեղմումով:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ընթրիքի է հրավիրել Արևելյան գործընկերության անդամ պետությունների ղեկավարներին։
Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա հետ Հայաստանի ղեկավարի բանակցություններ նախատեսված չեն: Օրերս իր երևանյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց միայն կարճ շփումը Ադրբեջանի ղեկավարի հետ: Ադրբեջանը պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ համագործակցության փաստաթուղթ, որի բովանդակությունը դեռ չի հրապարակվում: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս ընթրիքի հրավեր էր ուղարկվել, բայց նա Բրյուսելում չէ:
Ուկրաինան վերջին անգամ կներկայացնի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ակնկալվում է, որ վեց պետությունները և Եվրամիությունն այսօր համատեղ հայտարարություն կընդունեն, որում կվերահաստատեն իրենց հանձնառությունը՝ խորացնելու հավակնոտ գործընկերային հարաբերությունները, կառուցելու բարեկեցիկ, կայուն, ժողովրդավարական տարածաշրջան՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա: Փաստաթուղթը կարձանագրի, որ 10 տարվա ձեռքբերումները, այդ թվում՝ տնտեսական ինտեգրացիան, առևտրի աճը, ամրապնդված քաղաքական ասոցիացումը ոգեշնչում են հետագա առաջընթացի համար, կողմերը վճռական են բարեփոխումների հարցում: Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն տոնական մեծ համերգով, վաղն անցկացվելու է խորհրդաժողով նաև Հայաստանից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Ակնկալվում է Զոհրաբ Մնացականյանի ելույթը, այստեղ են նաև հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ: Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունները կմեկնարկեն այս տարի: