Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջերեմի Հանթը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հեյկո Մաասը Բրյուսելում քննարկելու են 2015-ին Իրանի և միջազգային գերտերությունների կնքած պատմական միջուկային համաձայնությունը պահպանելու հնարավորությունը: Բրյուսել է մեկնում նաև նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ անցյալ տարի պայմանագրից դուրս եկած և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնած ու խստացրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որ ստիպված չեղարկել է Մոսկվա այցը:
Անցյալ շաբաթ Թեհրանը սառեցրել է միջուկային համաձայնության որոշ դրույթների կատարումը՝ հավելելով, թե եվրոպացիները պետք է կողմնորոշվեն և ձեռնարկեն ամերիկյան պատժամիջոցներից խուսանավելու միջոցներ: Բրյուսելը Թեհրանի որոշումն «անընդունելի վերջնագիր» է որակել, բայց հավելել է, որ ցանկանում է պահպանել համաձայնությունը: «Դուք շատ լավ գիտեք Եվրամիության դիրքորոշումը: Նախ, մենք շարունակում ենք ամբողջությամբ սատարել Իրանի հետ միջուկային համաձայնությունը, դրա ամբողջական իրագործումը: Այսօր արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում, ես հանդիպելու եմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի արտգործնախարարնեին: Իրանի հետ միջուկային համաձայնությունն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում միջուկային զենքի չտարածման համակարգի առանցքային տարրն է: Մենք շարունակում ենք հնարավորինս աջակցել այդ համաձայնագրին՝ մեր ունեցած ամբողջ գործիքակազմով և մեր քաղաքական կամքով: Այդ մասին լավ գտեն և՛ Վաշինգտոնում, և՛ Թեհրանում», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի փոխանցմամբ, խիստ վտանգավոր է ԱՄՆ-ի և Իրանի առճակատման հետագա սրումը, կողմերից որևէ մեկի անզգույշ, պատահական և ոչ միտումնավոր քայլը կարող է հանգեցնել բախման: «Ուստի, մենք այդ մտահոգությունները կիսելու ենք մեր եվրոպացի գործընկերների և Պոմպեոյի հետ», - ասել է Հանթը:
Անդրադառնալով Պոմպեոյի չնախատեսված այցին՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ երեկ գիշերն է ստացել տեղեկությունը․«Մենք այստեղ կլինենք ամբողջ օրը: Ժամանակացույցը խիստ հագեցած է, մենք միշտ ուրախ ենք նրան հանդիպել, օրվա ընթացքում կփորձենք ժամանակ գտնել նրա հետ քննարկում անցկացնելու համար», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին: