Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989-92 թթ. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Նախագահը ողջունել է միջազգային խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան և մանրամասներ ներկայացնել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին: «Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը: Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը: Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ :«Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր: Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք», - ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: