Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը, որով նա անդրադարձել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում ՌԴ դրոշը տրորելուն։
«1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝ ոչ, կամ տրորվել է դրոշ, թե՝ ոչ:
2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին և դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե Գյումրիում, թե Երևանում:
3. Հիշեցնում եմ, որ այդ ցավալի սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից և մասնակից է եղել ոչ միայն պարոն Գևորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզնից յուրաքանչյուրին որևէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:
4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային, հիմա և ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար», - գրել է Լիլիթ Մակունցը։