Կներե՛ք, նախ ճշտենք վերնագիրը: Ոչ թե աշխարհի, այլ տիեզերքի: Այո, այո: Ամբողջ, անսահմա՜ն ՏԻԵԶԵՐՔԻ: Ես հասկանում եմ, հիմա կասեք, թե աշխարհում հազարավոր, միլիոնավոր մարդիկ կան, որ անպայման ինձնից ավելի դժբախտ կլինեն… Անտուն, հիվանդ, ընչազուրկ մարդիկ… Կամ թե հանիրավի դատված կալանավորներ, որ տասնյակ տարիներով, նույնիսկ ցմահ փտում են աշխարհի բանտերում… Պատմական անարդարությունների, պատերազմների, ցեղասպանության զոհ դարձած միլիոնավոր ժողովուրդներ, որ տասնամյակներ շարունակ, անհույս սպասում են, թե երբ կպատժվեն մեղավորները… Մի խոսքով, չթվարկեմ, ինքներդ գիտեք այս աշխարհի անարդարությունները, ձեզնից ոմանք էլ գուցե իրենց մաշկի վրա կրել են այդ և դեռ ուրիշ բաներ… Բայց հավատացեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը թվարկված անարդարություններից մեկի կամ նույնիսկ երկուսի զոհն է, ապա ես տիեզերքում եղած անցյալ, ներկա և գալիք բոլոր անարդարությունների զոհն եմ։
Հիմա կասեք` լկտի եմ, լպիրշ կամ թե ցնորված, և հաշիվ չեմ տալիս իմ ասածներին… Բայց այդպես է, հավատացեք ինձ, խնդրում եմ, տեսքիս մի նայեք, դա խաբուսիկ է… Այո, տարիքս աշխարհից էլ հին է և անթիվ ու անհամար տառապանքներ եմ կրել, բայց լավ եմ պահպանվել, որովհետև մշտապես հավատացել եմ իմ անմեղությանը… Չնայած բոլորը, ամեն ինչ այս աշխարհում իմ դեմ էր։ Մինչդեռ ես երբեք ոչ մեկին դեմ չեմ եղել, բնականաբար չեմ վնասել։
Հարցնում եք` ո՞վ եմ ես… Ո՞ր երկրից, ո՞ր ազգից… Հարցրեք նաև` ո՞ր ժամանակներից… Կուզեի, որ դուք պատասխանեք։ Դժվարանում եք։ Հասկանալի է, իհարկե կդժվարանաք։ Այդ դեպքում թույլ տվեք հարցնել` ձեր մեջ, այստեղ, արդյոք կա՞ Աստծո սպասավոր, թեկուզ մեկը։ Հրաշալի՛ է: Արդ, պատասխանեք խնդրեմ, տեր հայր, ինչու՞ է մարդ արարածն օրնիբուն խախտում Աստծո պատվիրանները` խաբում, կողոպտում, շնանում, նախանձում, վերջապես, սպանում։ Ի՞նչն է դրդում նրան անարգ գործեր անելու, ավելի ճիշտ` ո՞վ։ Ասացեք, խնդրեմ, ո՞վ է նրան ուղղորդում դեպի չարիքը, ու՞մ է ենթարկվում այդ ստոր բաներն անելիս` Աստծո՞ւն, թե՞…
Այո, ճիշտ այդպես, տեր հայր` «Ետե՛ւս գնա, Սատանա՛»: Խոնարհվում եմ ձեր առջև, ճանաչեցիք: Ես եմ, Սատանան, և թույլ տվեք այս անգամ չենթարկվել ձեր հրամանին` ձեր թիկունքում չհայտնվել, այլ մնալ այստեղ, ձեր առջև, քանզի խոսք ունեմ ուղղելու բոլորիդ։
Հանգի՛ստ, հանգի՛ստ, ես ինքնակոչ չեմ, ես իսկապես Սատանան եմ։ Սակայն Ձե՛ր ստեղծած Սատանան։
Այդպես էլ գիտեի, որ չեք հավատալու և պիտի ապացույցներ պահանջեք, իբր հրաշագործություններ պիտի անեմ, որ համոզվեք, իբր Սատանայի հայտնությունն ուղեկցվում է շանթ ու որոտով, բոց ու կրակով, իբր ծծումբի հոտ է տարածվում և այլ տխմարություններ, որոնք չգիտեմ ով է հորինել ու երբ և բոլորիդ խաբել։ Ես, իհարկե, հիմա կարող եմ թվարկված, թող թույլ տրվի ասել, հրաշքները ձեզ մատուցել և լկտիորեն խաբել ձեզ։ Բայց դա չէ, իմ նպատակը, ես եկել եմ, որպեսզի ձեր աչքերը բացեմ և փարատեմ ձեր գլուխը լցրած մոլորություններից։
Բայց մինչ այդ, այնուամենայնիվ, մի փոքրիկ հրաշք կմատուցեմ ձեզ։ Ո՛չ, ո՛չ, գարշահոտություն չի լինի։ Ընդհակառակը… Այսպիսով, բառացիորեն հինգ վայրկյան հետո ձեր բոլորի ձեռքին մի կարմիր, մի բուրավետ վարդ կհայտնվի։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ… Ահա, խնդրեմ, հիմա համոզվեցի՞ք։ ՈՒրիշ հրաշք է՞լ եք ուզում։ Ասում եք` մեկը բավական չէ՞… Լավ, խնդրեմ, այն տիկինը, որ կանգնած է պատի տակ, երեք օր է մեջքի ցավը տանջում է նրան։ Բժշկի նշանակած դեղերը չօգնեցին։ Անհոգ եղեք, տիկին, երեք վայրկյանից ցավը կանցնի։ Մեկ, երկու, երեք… Ասում եք` ցավն անցա՞վ… Խնդրեմ, տիկին, առողջ եղեք, այսուհետ Դուք ոչ մի ցավ չեք ունենա։ Իսկ այն տխրադեմ երիտասարդին սիրած աղջիկը հրաժարվեց այսուհետ հանդիպել։ Մի՛ տխրիր, նա հիմա քեզ կզանգի և այսօր երեկոյան քեզ տեսնելու ցանկություն կհայտնի։ Ահա, զանգում է, շտապիր պատասխանել։
Հիմա համոզվեցի՞ք։ Ոչ, ոչ, ես ձեր պատկերացրած հրեշտակը չեմ, ես իսկապես հրեշտակ էի, և իմ ամբողջ գոյության ընթացքում այսպիսի բարի գործեր եմ արել, բայց ի՞նչ օգուտ, ինձ Սատանա դարձրին, և հիմա մարդիկ օրուգիշեր ինձ են անիծում։ Աներևակայելի, քստմնելի ոճիրներ են գործում և մեղքը գցում ինձ վրա։ Եղա՞վ։ Օրինակ, այսօր իմացա, որ երիտասարդ մի ամուսին մորթել է իր կնոջը և սեփական զավակին, այնուհետև, երբ դատարանում հարցրել են` ինչո՞ւ արեցիր, ասել է` Սատանան դրդեց։ Սա ի՞նչ ստորություն է, եղբայր, ես նրան երբեք չեմ տեսել և բնականաբար նման զազրելի արարքի չեմ դրդել… Հիմա, քսան րոպե կլինի, ինչ խոսում եմ ձեզ հետ, և այս ընթացքում իմացա, որ երկու հարյուր մարդ են սպանել աշխարհի տարբեր ծայրերում։ Անմե՛ղ տեղը։ Եվ վստահ եղեք` այդ մարդասպանների առնվազն կեսը պիտի ինձ մեղադրի, իբր եթե ես չլինեի, մարդ արարածն ընդհանրապես մեղք չէր գործի, և բոլորդ կապրեիք ուրախ ու երջանիկ։ Ասացեք, խնդրեմ, դուք հավատու՞մ եք այս զառանցանքին։ Հիմա, օրինակ, այնքան ազնվություն կունենա՞ք հաստատելու, որ քսան րոպե է ձեր առջև կանգնած եմ, որ ալիբի ունեմ, հետևաբար որևէ կապ չունեմ այդ սպանությունների հետ։
Ահա՜, ես սպասում էի այդ տկարամիտ մեկնաբանությանը, իբր պարտադիր չէ, որ ես ներկա լինեմ և մարդուն ստիպեմ հանցանք գործել, իբր ես, այսպես ասած, տիրաժավորվել եմ միլիարդավոր օրինակներով, հարմար տեղավորվել ձեր ստամոքսում, ձեր գլխում, ձեր սրտում կամ ձեր ուղեղի մեջ և օրնիբուն մղում եմ ոճրագործության։ Կներեք, դուք ապու՞շ եք, թե՞ այդպիսին եք ձևանում։
Ստացվում է, որ խաբելու, ստելու, զրպարտելու, նախանձելու, կողոպտելու, շնանալու, բռնաբարելու, սպանելու, այրելու, քանդելու, ընտանիքներ, գյուղեր ու քաղաքներ, երկրներ ու պետություններ, ազգեր ու ժողովուրդներ վայրագորեն ու անդադար ոչնչացնելու, հիմնահատակ քանդելու, երկրի երեսից ջնջելու միակ ու մշտական մեղավորը ձեր հիվանդ ուղեղի արգասիք Սատանան է, ոչ թե դուք ինքներդ։ Մինչդեռ այդ Սատանան ձեր ինքնանկարն է, ձեր արտացոլումը հայելու մեջ։
Եվ այսպես հազարավոր տարիներ ինքներդ ձեզ համար տխմար արդարացում եք հորինում։ Հիմա ասեք, հե՞շտ է այս թուք ու մուրը կրել, երբ գիտես, որ բացարձակապես անմեղ ես։
Եթե իրոք այդպես է, եթե իրոք երիզորդի պես բուն եմ դրել ձեր ներսում և զրկում եմ բարի գործեր անելուց, ապա թույլ տվեք հիշեցնել, որ ձեր սրտի մեջ նաև պիտի Աստված լինի։ Այո, այո, ինքներդ եք ասում… Արդ, բարի եղեք ինձ շիտակորեն պատասխանել` ինչու՞ միայն հազարից մեկը, հարյուր հազարից մեկը, ավելի ճիշտ` միլիոնից մեկն է միայն լսում այդ մերժված, նվաստացված, անարգված Աստծո կերկեր ձայնը և ծաղրի ու հալածանքի առարկա դառնում` Սատանային հլու հնազանդ ունկնդրող 999999-ի կողմից։
Ես դեռ քիչ եմ ասում, այսօր ամբողջ մարդկությունն է խուլ ձևանում և չի ուզում լսել Աստծո ձայնը, մինչդեռ ձեր մոգոնած Սատանայի շշնջոցն անգամ իսկական խուլերն են լսում։ Չգիտես` ինչպես։ Եվ հլու հնազանդ կատարում նրա հրահանգները։
Լավ, ենթադրենք ես իսկապես մտել եմ ձեր ուղեղը և շարունակ դրդում եմ ոճրագործության, իսկ դուք ի՞նչ է, տարրական պատկերացում չունե՞ք լավի և վատի, թույլատրելիի և անթույլատրելիի, վերջապես չարի և բարու մասին։ Չէ՞ որ գիշեր-ցերեկ աշխարհին ճիշտ ապրելու դասեր եք տալիս։
Դուք գիտեք, որ ձեր պատկերացրած Սատանան վատն է, այդ դեպքում ինչու՞ եք զանգվածաբար ենթարկվում նրան։ Ինչու՞ Հիսուսի պես չեք մերժում` կտրականապես, վերջնական։ Տիրոջ պատկերի առջև մոմ եք վառում, բայց անվերապահ ենթարկվում ձեր Սատանային, որը ոչ այլ ոք է, քան իմ կատարյալ հակապատկերը։
Զառանցագին պատմություններ եք հորինում` ձեր հիվանդ ուղեղի արգասիք Սատանայի մասին։ Իբր ծախում եք նրան ձեր հոգին ինչ-ինչ բարիքների դիմաց, իբր նա էլ խարան է դնում ձեր թևին կամ մեջքին կամ էլ չգիտեմ ձեր մարմնի որ մասին։ Երբևէ տեսե՞լ եք այդպիսի խարան։ Ես որ չեմ տեսել իմ անհաշվելի գոյության ընթացքում։ Բայց փոխարենը ձեր մարմիններն եմ տեսել։ Հապա մի մերկացեք և ցույց տվեք, թե ինչերով եք ինքներդ ձեզ ծածկել։ Ինքներդ ձեզ խարանել եք` հայտնի չէ, թե ինչի դիմաց։ Մի՞թե ես եմ ձեզ ստիպել այդպես այլանդակել Աստծուց ստացած ձեր մարմինը։ Կապիկի պես կրկնում եք մեկդ մյուսին, հետո էլ մեղքն իմ վզին գցում։ ՈՒրեմն, ասում եմ հիմա` մաքրե՛ք ձեր մարմինը այդ աղբից։ Կլսե՞ք ինձ։ Իհարկե չեք լսի։ Ավելին` հակառակը կանեք։
ՈՒրիշ հարց կուզեի ձեզ տալ:
Ասացեք, խնդրեմ, իսկ փողն ո՞վ ստեղծեց, դարձյալ Սատանա՞ն, կամ, ներողություն, նրա դրդումո՞վ… Իշխանությունը, պետությունը, թագն ու գահը նու՞յնպես, իսկ դուք` անմեղ գառնուկներդ հլու-հնազանդ շարունակում էիք ենթարկվել նրա դիվական խորհուրդներին և ստեղծում պատերազմներ, կրոններ ու աղանդներ, բանկեր ու շուկաներ և շարունակ իրար մորթում ու հոշոտում հանուն չգիտեմ ինչի։ Գեղեցիկ բառեր եք ասում, բայց ստոր արարքներ գործում։ Ասացեք, խնդրեմ, այս անթիվ ու անհամար ոճրագործություններից գոնե մեկը չե՞ք ուզում ստանձնել։ Թող մնացած բոլորը Սատանայի վզին բարդեք, բայց գոնե մեկի համար չե՞ք ուզում պատասխան տալ, ասենք` խոստովանեք, որ շատ չէ, միայն փողը մենք` մարդիկս ստեղծեցինք, որ դա մեր միակ սրբությունն է և հանուն դրա պատրաստ ենք մերձավորի, անգամ հարազատի արյունը խմելու։
Հապա ձեր երեսներն ի՜նչ եք դարձրել։ Աստված ձեզ ստեղծեց «ի պատկերի իւրում», այսինքն` ըստ իր պատկերի։ Մինչդեռ դուք, ձեր հիվանդ երևակայությամբ ստեղծել եք դիվական մի կերպար և զանգվածաբար նմանվում եք նրան։ Աղավաղում եք ոչ միայն ձեր, այլև պղծում Աստծո կերպարը, որ դրված է ձեր երեսին։ Երկաթներ եք կախում քիթ-մռութից, հոնքերից, ականջներից, կրծքի պտուկներից, պորտերից և, մեղա՜, մեղա՜, անգամ ցայլքից։ Չե՞ք ամաչում։ Վերադառնում եք վայրենության։ Քարանձավ։ Ասես փոշմանել եք, որ դուրս եկաք այնտեղից։ Հետո էլ ինքներդ ձեզ հորջորջում եք գերմարդ։ Ստիպված եմ բանաստեղծի տողերը հիշեցնել. «Գերմարդ չեք դառնա, այլ` գերգազան»: Արդարև, շուտով կսկսեք գազանների պես իրար ուտել, և կասեք, թե Սատանան դրդեց։ Այսինքն, արդեն ուտում եք, և կարելի է ասել` ավելի ու ավելի հաճախ։
Ասածս չափազանցություն չհամարեք։ Մեկ տարի առաջ որոշեցի բողոք հղել Երկնային ատյանին, որպեսզի ինձ վերագրվող այդ բոլոր այլանդակությունները չեղյալ համարեն և ինձ անմեղ հռչակեն։ Արարիչը մեծագույն դժկամությամբ ընդունեց բողոքս և պայման դրեց, որ դատապաշտպան ինքս պիտի փնտրեմ և բացառապես մահկանացուների միջից, որովհետև հիմնականում նրանք են բողոքում Սատանայից:
Հռչակավոր մի փաստաբանի դիմեցի, որն անկարելի դատավարություններ էր շահել: Դրանցից մեկը մարդակեր զույգի գործն էր, քստմնելի մի պատմություն։ ՈՒրեմն այս երիտասարդ մարդն ու կինը ճաշի են հրավիրել իրենց մտերիմ ընկերոջը, թմրեցուցիչ դրել կերակրի մեջ, այնուհետև քնած վիճակում մորթել, կտոր-կտոր արել, լցրել սառնարան և մեկ շաբաթ լափել իրենց բարեկամի մարմինը։ Այդ երկրում քանի որ մահապատիժը վերացված էր, դատախազը ցմահ բանտարկություն պահանջեց, սակայն իմ փաստաբանն իր ճարտար լեզվով կարողացավ հասնել այն բանին, որ այդ հրեշներին ընդամենը տասներկու տարով բանտարկեն:
Եվ արդարության այս աննկուն մարտիկը հրաժարվեց իմ դատը պաշտպանել, ասելով, թե չի կարող յոթ միլիարդ սատանաների դեմ դուրս գալ: «Սակայն դուրս եկաք և հաղթեցիք», - ասացի ես: «Նույնը չէ,- պատասխանեց նա:- Նրանց համոզելն այդքան դժվար չէր, որովհետև չէր բացառվում, որ մի օր էլ իրենք մարդակեր դառնան և հայտնվեն արդարադատության առջև, ուստի պետք էր ներողամտության նախադեպ ստեղծել։ Asinus asinum fricat, ասում էին լատինացիք նման դեպքերում. էշը էշին է քորում:
Ես կջանամ այդ յոթ միլիարդին համոզել, որ դուք անմեղ եք, և գուցե հաջողեմ: Սակայն նրանք, ընդունելով հանդերձ ձեր անմեղությունը, այնուամենայնիվ կտրականապես դեմ կլինեն, որպեսզի դատարանը ձեզ անպարտ ճանաչի, այլապես ու՞մ վրա պիտի բարդեն իրենց գործած և դեռ գործելիք անթիվ ու անհամար ոճիրները։ Չէ՞ որ նրանց քավության նոխազ է պետք։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք պահանջում։ Փաստորեն ստիպում եք, որ նրանք ընդունեն իրենց ոճրային էությունը և ինքնամաքրվեն։ Դա անկարելի է։ Մարդկությունը չի ուզում մաքրվել։ Ոճիրը նրա միակ գոյիմաստն է…»:
Բայց մինչև ե՞րբ պիտի ձեր քավության նոխազը մնամ:
Ես սիրով կստանձնեի ձեր գործած, բայց ինձ վերագրված մեղքերը, եթե իմանայի, որ դրանով դուք մի քիչ պարկեշտ կդառնաք: Բայց, ավա՜ղ, դուք ավելի եք լկտիանալու։ Երկու հազար տարի առաջ նախադեպը եղավ, Աստծո Որդին ձեզ բացառիկ հնարավորություն տվեց, բայց դուք չփոխվեցիք, ավելի վայրենացաք և ի նշան երախտագիտության խաչ հանեցիք ձեր Փրկչին։ Այնպես որ իմաստ չունի երկրորդ անգամ ինքնազոհության գնալ։
Այսպես չի կարող շարունակվել։ Արարիչը վաղուց երես է թեքել ձեզնից։ Չէ՞ որ ասված է. «Տերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց ու իր սրտին մեջ տրտմեցավ»։ Նա լսել անգամ չի ուզում ձեր մասին։
Ի միջի այլոց, հենց սկզբից գիտեի, որ այսպես է լինելու։ Արարիչը սիրում էր երբեմն զբոսնել Եդեմական պարտեզում` իր ստեղծած կենդանիներով շրջապատված։ Մի օր ինձ ասաց, որ կուզեր այստեղ իր պատկերով մի արարած լիներ, որ հովվի պես իշխեր կենդանիներին, այսպես ասած, իր ներկայացուցիչը դառնար։
Գաղափարն ինձ շատ չոգևորեց, բայց հասկացա, որ Արարիչը հոգնել է հրեշտակների մշտական ներկայությունից և ուզում է փոքր-ինչ տարբեր, մի սովորական էակ տեսնել իր կողքին։ Եվ իսկապես, մի քանի օր անց հայտնվեց Ադամը, մի տկարամիտ արարած, որ պարապ-սարապ թրև էր գալիս պարտեզում և չգիտեր, թե ինքն ով է և ինչու է հայտնվել այդտեղ։ Բարձրանում էր ծառերը, պտուղները պոկում թափում, ճյուղերն էր կոտրում, կենդանիներին վախեցնում, ամոթ չլինի ասելը` Արարչի և մեր` հրեշտակների ներկայությամբ բնական կարիքները հոգում, տխմար քրքիջներ արձակում, անկապ ու հիմար բառեր թոթովում։ Մի խոսքով հասուն տհաս` քսան տարեկանի արտաքինով, բայց ծծկեր երեխայի ուղեղով։
Իսկ Արարիչն այդ ամենը տեսնելով պարզապես հրճվում էր։ Մի օր էլ ինձ կանչեց և ասաց, որ խոսելու բան ունի։ Ի միջի այլոց ասեմ, որ բոլոր լուրջ հարցերն ինձ հետ էր քննարկում, քանի որ մնացած հրեշտակներն Ադամից ավելի խելացի չէին: Այսպիսով, չափազանց հուզված, ինձ խոստովանեց, որ շատ է տխրում Ադամին մենակ տեսնելիս, որ գուցե նա էլ իր զույգն ունենա, և ուրախ ու երջանիկ ապրեն պարտեզում։
Ես միանգամից պատկերացրի մի տխմարի կողքին մեկ այլ տխմար, և միանգամից նրանց ձագերին տեսա պարտեզը ոտատակ տալիս ու ավերելիս:
«Նրանք ձագեր չե՛ն ունենա», - խոսքս կտրեց Արարիչը և այլևս ոչինչ չուզեց լսել այդ մասին:
Բայց նրանք ձագեր ունեցան, և, ինչպես գիտեք, այդ ձագերից մեկն սպանեց մյուսին, և դուք բոլորդ եղբայրասպանի սերունդներ դարձաք:
Ահա, խնդրեմ, ես համոզված էի, որ այդ հարցը կտաք... Այդ հեքիաթը խնձորի, օձի, Արարչի զայրույթի և Դրախտից արտաքսումի մասին…
Ասեմ ձեզ, որ այդ ամենի հետ ես բացարձակապես ոչ մի կապ չունեմ։ Իբրև թե Տերն ինձ պատժեց Գիտության Պտուղն Ադամին ու Եվային ճաշակել տալու համար, իսկ այնուհետև պատգամեց` «Սիրեցեք և բազմացեք»-ը: Հարց եմ տալիս, առանց Գիտության Պտուղի ինչպե՞ս պիտի բազմանային։ Ահա, բազմացաք, յոթ միլիարդ դարձաք, Արարիչն էլ սոսկումի մեջ, լսել անգամ չի ուզում ձեր մասին։ Կուժն ու կուլան էլ իմ գլխին է ջարդվում։
Մինչդեռ ես ի սկզբանե դեմ էի այդ գաղափարին, միակս։ Իսկ մյուս հրեշտակներին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ինչ հետևանքներ կունենան այդ` այսպես կոչված աստվածակերպ արարածների սերն ու բազմացումը։ Ես նույնիսկ ներկա չէի, երբ Եվան գայթակղեց Ադամին։ Հետո իմացա, երբ Արարչի կամքով Անկյալ Հրեշտակ հորջորջվեցի։
Ոչինչ, ամեն ինչ շտկվելու վրա է։ Արարիչը վերջապես հասկացավ, որ ես ճիշտ էի։ Նա արդեն ինչ-որ բաներ է մտմտում։ Հավանաբար մոտ ժամանակներս Անկյալ Հրեշտակի կարգավիճակից կվերադառնամ լիարժեք Հրեշտակի իմ դիրքին։ Դա նշանակում է, որ Սատանան մեջտեղից կվերանա… Եվ բոլորը կհամոզվեն, որ Սատանան հենց ինքը Մարդն է։
Փոփոխություններ են սպասվում նաև Հրեշտակաց դասում։ Բազմաչարչար Գաբրիելը հրաժարվում է այսուհետ ձեր հոգիները հասցնել երկինք։ Ասում է` հոգնել եմ այդ աղբը տանելուց։ Ասում է` հազարից մեկ է, որ առաքինի մարդու հոգի տանեմ։
Թող գնա հանգստանա մահվան պրոլետարն այդ ծանր ու անշնորհակալ աշխատանքից։ Ես սիրով կփոխարինեմ նրան, և լավ իմացեք` ի տարբերություն Գաբրիելի, ես համբերատար չեմ սպասի, թե մեղսագործների նախիրն ինչպես է հոգին ավանդելու թալանած ոսկիների և արյան գետերի վրա, իսկ հատուկենտ արդարները ծյուրեն ու հալածվեն և վաղաժամ ավարտեն իրենց երկրային կյանքը։ Ես գլխիվայր կշրջեմ ամեն ինչ և վաղուց երազած արդարությունը կհաստատեմ Երկրի վրա։ Այսուհետ արդարները կապրեն հնարավորինս երկար, իսկ մեղավորները` հնարավորինս կարճ։ Ես լավ գիտեմ մեղավորներիդ` մեկ առ մեկ, չէ՞ որ ձեր ասելով ԵՍ էի ձեզ ուղղորդում, դրդում չարագործության։ Հիմա էլ կուղղորդեմ, բայց դեպի Դժոխք։ Եվ դուք այնտեղ կհանդիպեք իսկական Սատանաներին, նրանք անհամբեր սպասում են ձեզ։ Իսկ ես, այստեղ, երկաթի ավելով այս աշխարհը կսրբեմ ձեզնից։ ՈՒրեմն, վա՜յ ձեզ` մեղավորներիդ:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Փարիզ, մարտ, 2019 թ.