Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի վկայակոչած տեսանյութը «ոչ ոք չի տեսել և չէր էլ կարող, որովհետև գոյություն չի ունեցել»։ Փաստահավաք խումբը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ԱԱԾ-ից ու նախաքննական մարմնից պահանջել է տեսանյութեր, բայց իրենց ուղարկված նյութերի մեջ այն բացակայել է:
«Եթե ունենային, կօգտագործին ընդդիմության դեմ, նույնիսկ անդեմ ցուցարարին կգտնեին», - հեգնեց Անդրանիկ Քոչարյանը։ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանը դատարանում պնդել էր, թե կան 2008-ի մարտիմեկյան իրադարձություներին վերաբերող տեսանյութեր, որոնք քննչական մարմինը չի ընդգրկել իր գործում: Արտակարգ դրություն հաստատելու մասին ասուլիսում իր հայտնի հայտարարությունը, թե ցուցարարների միջից կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում, Քոչարյանի խոսքով, տեսել է նաև կադրերով: Ցույց տվողը ԱԱԾ հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանն է եղել: Բացի այդ, ոստիկանության կապիտանի մահվան պատճառ դարձած նռնակի պայթյունն է տեսել: Այս հայտարարության կապակցությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մահացած մարդուն վերցնում է, որ էդպիսի տեղեկատվություն ստացել է իրանից, դա անթույլատրելի է: Եթե ունենային, չկասկածեք, որ նրանք այդ կադրերը կօգտագործեին ընդդիմության դեմ, որպեսզի ապացուցեին, որ այս ամենը, որ անհամաչափ ուժը կիրառվել է ցուցարարների նկատմամբ, դրա իրավական հիմքը իրենք ունեցել են»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մամուլի ասուլիսում հրապարակել են տեսանյութեր, որոնց ձեռք բերման աղբյուրը հստակ չեն նշել: Արամ Օրբելյանն ասել է, թե ցուցադրում են հենց Քոչարյանի հայտնի հայտարարությանը վերաբերող տեսանյութը: Փաստաբանների ցուցադրած նույն այդ տեսանյութը հայտնվել էր նաև համացանցում անցած տարվա հոկտեմբերից՝ այսպիսի վերնագրով՝ «Ցուցարարները մեքենայի հետևից կրակում են ոստիկանների ուղղությամբ», ինչը նաև պնդել էր Ռոբերտ Քոչարյանը: Բայց թե փաստաբանների ցուցադրած, թե համացանցում հայտնված տեսանյութում երևում են օդ արձակված կրակոցներ:
Հրաժարվելով հայտնել, թե որտեղից են ձեռք բերել այդ նյութերը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց․ «Օրինական է ամբողջ ձեռք բերված»: Քոչարյանի փաստաբանները նրա հայտարարությանը հակասող հայտարարություն են արել՝ ասելով, թե գործում այս նյութերը կան «Մենք առանձին ենք այս նյութերը ձեռք բերել, գործում նույնպես կան: Պետք է սա փորձաքննության նշանակվի, փորձաքննության արդյունքում պարզվի՝ արդյոք սա մոնտաժված ա, մոնտաժված չի: Մենք ոչ թե պնդում ենք, որ սա ընդունում ենք որպես վերջնական ճշմարտություն, այլ ասում ենք՝ կան նյութեր, որի մասին չկա հակասող կամ բացառող հանգամանքներ»: