Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մոգերը վկայեցին, վկաները մատնեցին

Մոգերը  վկայեցին, վկաները մատնեցին
21.05.2019 | 04:34

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻՆ՝ 1958-2009

Քթի տակ երգում էր, բառեր չկային կամ չէին հասկացվում, իր համար երգում էր ու եղեգնուտի մեջ բադի ձվեր էր որոնում: Բոլորն ասում էին` այդտեղ երբեք բադեր չեն եղել, ուրեմն ձվեր էլ չեն լինի, թող ճիշտն ասի` ի՞նչ է թափառում եղեգները ջարդելով: Ամեն օր բոլորը սպասում էին, որ նա խրվելու է ճահճուտը ու չի կարողանալու միայնակ դուրս գալ և օգնության է կանչելու, իսկ իրենք հարցնելու են` բադի ձվերը գտա՞ր, ցույց տուր:


Ճահճուտը այնքան էլ խոր չէր, որ որևէ մեկին խեղդեր, ծանծաղուտ էր, որին մակընթացության ալիքներն այլևս չէին հասնում: Մահը խիստ անձնական խնդիր է: Նրանք ուզում էին տեսնել` ինչպես է այդ խնդիրը լուծում մարդը, որ ոչ մեկի հետ չի խոսում: Ձկնորսները նրան ձուկ էին տալիս, նա ժպտալով վերցնում էր ու թեթևակի խոնարհում գլուխը իբրև շնորհակալություն, բայց ոչինչ չէր ասում: Ոմանք վստահ էին, որ նա համր է, մյուսներն ասում էին` որ համր է` ո՞նց է երգում: Եղեգներից իր համար խրճիթ էր սարքել ու մեկ-մեկ նույնիսկ եղեգների վրա հայտնվում էին նրա հագուստները, որ լվանում ու արևին էր փռում` չորանալու:
Ոչ ոք չէր կարող ասել` որտեղի՞ց գիտեն, որ բադի ձվեր է որոնում, եթե չի խոսում: Բոլորը գիտեին, որ նա ամեն օր թափառում է եղեգնուտում ու երկար զննում ջրափոսերը, եղեգները, կարծես համարակալում է կամ ամեն եղեգին անուն է դնում, որ հետո իր խրճիթից կանչի, ու նրանք գան: Ոչ ոք չգիտեր` որտեղի՞ց է եկել, ո՞վ է, անունն ի՞նչ է: Պատմությունն ավարտվեց անակնկալ` մի առավոտ եղեգնուտի վրա սկսեց պտտվել բադերի երամը: Երամը չափազանցություն է: Բադերը չեն թռչում, բայց օդի մեջ ճայեր չէին, որորներ չէին, հենց բադեր էին ու կռկռում էին ահավոր: Բոլորը նետվեցին եղեգնուտ, մարդը չկար: Բայց եղեգնուտում քարեր էին հայտնվել ու քարակույտից մաքուր, անհավանական սառը ու կապտավուն ջուր էր բխում: Հսկա քարակույտի կողքին խնամքով սարքած բույն էր ու այնտեղ ձվեր էին:

Հավանաբար` բադերի: Ասում էին` խեղդվել է: Ոչ ոք չէր հավատում, որ նա հեռացել է:
Մի քանի օր նավակներով որոնում էին ջրասույզին ու ուռկանները դուրս էին բերում` հույսով, որ նրան կգտնեն: Չկար: Ոչ մի տեղ չկար: Խրճիթում մնացել էր մի մագաղաթ միայն, որ ոչ ոք չկարողացավ կարդալ: Խրճիթի դուռը փակել էին ու հսկում էին, որ ոչ ոք չմտնի` սպասում էին, որ եթե չի խեղդվել, կվերադառնա: Ձկնորսներն առաջվա նման երեկոյան նրա դռանը ձուկ էին թողնում, բայց հաջորդ առավոտ ձուկը տեղում էր լինում: Որոշեցին քարակույտը մաքրել ու աղբյուրի տեղը ջրհոր փորել, եթե 40 օրից ջուրը չանհետանար: Չանհետացավ: Ջրհորը փորելիս, աղբյուրի ակում մատանի գտան, որի վրայի գրերը նման էին մագաղաթի գրերին: Մատանին էլ տարան խրճիթ ու դրեցին մագաղաթի կողքին: Մի առավոտ պարզվեց` մակընթացության ալիքները հասել են եղեգնուտ ու ծածկել խրճիթը` ծովի մեջ միայն ջրհորն էր ու այլևս ոչինչ չէր վկայում մարդու գոյությունը, որ քթի տակ երգում էր, բառեր չկային կամ չէին հասկացվում: Իր համար երգում էր ու բադի ձվեր որոնում: Մագաղաթը չգտան, ոչ էլ մատանին:


Ես շատ ուշ նկատեցի, որ մատանիս կորցրել եմ: Կորցրել եմ նաև կտակս: Վերադառնալ չարժեր: Ես գիտեի, որ իմ խրճիթում այլևս ոչինչ չկա ու ջուրը ծփում է այնտեղ, ուր ես ինձ էի որոնում ու գուցե նաև երգում էի: ՈՒ հիմա իմ կտակը ես գրում եմ ավազի վրա` վստահ եմ, որ կկարդան նրանք, ում դիմում եմ:

Մելքոնը, Բաղդասարը, Գասպարը` երեք մոգերը կամ երեք թագավորները: Նրանք եկան Բեթղեհեմ` աստղը բերեց: Մայրս արդեն ոչնչից չէր զարմանում, Հովսեփն ուրախացավ: Նրանք զննում էին ինձ ու մորս թույլտվությամբ շոյեցին այտս, համբուրել չհամարձակվեցին, թեպետ երկար ճանապարհ էին անցել: ՈՒ գիտեին, որ այլևս չենք հանդիպելու: Նրանց բավարարում էր արդեն փաստը, որ ինձ գտել էին: Եվ համարում էին, որ իրենց գործը կատարել են: Նրանք վերադառնալու էին տուն ու պատմելու էին ամեն մանրամասնը, մի քիչ էլ չափազանցելու էին վտանգներն ու հուսահատությունը, որ ինձ երբեք չեն տեսնի ու ընդհանրապես իզուր են ճանապարհ ընկել: Իսկապես էլ` ինչու՞ էին եկել: Որովհետև գուշակել էին իմ ծնունդը ու ուզում էին իրենց հարգանքը մատուցել: Որովհետև ամեն օր չեն աստվածներ ծնվում երկրի վրա ու մոգերը չէին կարող չգալ: Նրանք հագան իրենց ամենաճերմակ պատմուճանները, վերցրին ևս մեկ զույգ պատմուճան, որ հագնեն ինձ հանդիպելու պահին ու բարետես ներկայանան` առանց ճանապարհի փոշու: Իրանից, Ավեից ու Սավեից դուրս էին եկել, ճանապարհին հանդիպել էին իրար ու որոշել էին` եթե երեքն էլ նույն ճանապարհն են ընտրել, ուրեմն ճիշտ են գնում: 50 օր քայլեցին: Հետո կասեն, որ մոգերը 12 են եղել, բայց դա սուտ է, որ հնարվել է իմ աշակերտների թվին համապատասխանեցնելու համար: Նրանք երեքն էին ու թագավորներ չէին: Ոչ Մելքոնն էր պարսից արքան, ոչ Գասպարն էր հնդիկների արքան, ոչ Բաղդասարն էր արաբների արքան: Մելքոնը բերել էր զմուռս, հալվե ծիրանի և բեհեզ: Գասպարը կնդրուկ, նարդոս, կասիան, կինամոն ու անուշահոտ յուղեր ընծայեց։ Բաղդասարը ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր նվիրեց, Հովսեփը խնամքով փաթաթեց նվերներն ու խոտերով ծածկեց: Մայրս միայն ժպտում էր ու շնորհակալություն էր հայտնում նրանց: Նա ուզում էր անմիջապես հանել ու դեն նետել զմուռսը միայն, որովհետև ոսկի ընծայեցին, որովհետև ես թագավոր էի, կնդրուկ` որովհետև ես Աստված էի, զմուռս` որովհետև ես մահկանացու Աստված էի: Նրանք խոնարհվեցին ու հեռացան: Վստահ, որ ամեն ինչ ճիշտ են արել ու ավելի լավ ոչ ոք չէր անի: ՈՒ նրանք վերադարձան տուն:


Ոչ Բեթղեհեմ գալիս, ոչ տուն գնալիս նրանք Երուսաղեմ չեն մտել: ՈՒ նրանք չեն հանդիպել Հերովդես արքային, որ հարցնեն` որտե՞ղ տեսնեն նորածին թագավորին: Նրանց առաջնորդում էր աստղը ու աստղին Հերովդես պետք չէր: ՈՒ մոգերն էլ միամիտ չէին, որ գնային ու արքային հարցնեին նրա որդու տեղը: Ոչ էլ Հերովդեսն էր ընդունում պատահական ճամփորդներին ու նրա պալատի դռները չէին բացվում անծանոթների առաջ: ՈՒ ոչ ոք չէր ասել Հերովդեսին, որ նոր ծնված մանուկը վերջ է դնելու քո թագավորությանը, և որովհետև նա մոգերին չէր տեսել, չէր էլ կարող ասել, որ գտնեք` ինձ էլ տեղն ասեք` գնամ, ես էլ խոնարհվեմ: Հերովդեսը` արքա՞ն, գա ու խոնարհվի՞: Ոչ էլ մոգերն էին տեսիլք ունեցել, որ պիտի Հերովդեսին չասեն իմ տեղը, որ Հերովդեսն ինձ չվնասի: Եվ ոչ էլ Հերովդեսը հրաման տվեց կոտորել բոլոր նորածիններին: Նա չէր վախենում թագը կորցնել: Հերովդեսը ուրիշ հոգսեր ուներ:


Ես հիշել եմ այսօր մոգերին ու հիշել եմ Կայիափայի հրամանով իմ դեմ վկայություն տված Դանիել Ռաբանիին, Հովհան Զորաբաբելին, Ռաֆայել Ռաբանիին, Կապետին: Ինչի՞ն էին նրանք վկա եղել: Դանիել Ռաբանին ասաց, որ տեսել է` ինչպես եմ բորոտին բժշկում շաբաթ օրը, ու դա մեղք է: Հովհան Զորաբաբելն ասաց, որ լսել է` ինչպես եմ ինձ անվանում Աստծո որդի, ու դա մեղք է: Ռաֆայել Ռաբանին ասաց, որ հրեաներից պահանջել եմ զոհեր չմատուցել, ու դա մեղք է: Եվ միայն Կապետը ոչինչ չասաց, նա պարզապես տեսել ու լսել էր ինձ ու համարում էր, որ դա մեղք է: Սինեդրիոնը նրանց վկայություններն ընդունեց, ու Կայիափան հայտարարեց` մեղքն ապացուցված է: Դանիել Ռաբանին ու Ռաֆայել Ռաբանին եղբայրներ էին ու շատ նման էին իրար, նրանք անհանգիստ էին ու անընդհատ կակազում էին իրենց ցուցմունքները Սինեդրիոնին շարադրելիս, Կայիափան ընդհատում էր նրանց ու հարցեր տալիս, որ սխալմամբ ճշմարտությունը չասեն: Հովհան Զորաբաբելը ուրախ էր, որ պարտքը կատարեց, նա խոսում էր չոր ու չար և այնպիսի արհամարհանք էր սփռում շուրջբոլորը, կարծես բոլորն էին մեղավոր, որ իր պես պատվավոր մարդուն գործից կտրել ու ինչ-որ թափառաշրջիկի մասին խոսել են պարտադրում: Իսկ Կապետը լաց եղավ: Արցունքները խճճվում էին նրա մորուքի մեջ ու նա աչքերը չէր մաքրում: Երբ Կայիափան ասաց, որ ստորագրեն իրենց վկայության տակ, Ռաբանիները խաչ դրեցին, Հովհան Զորաբաբելը հստակ գրեց իր անունը, Կապետի ձեռքը դողում էր ու նա ևս խաչ դրեց: Կայիափան չնայեց էլ մագաղաթին, որի վրա ոչինչ գրված չէր` միայն երեք խաչ և Հովհան Զորաբաբել:
Այդպես է եղել պատմությունը: Մոգերը վկայեցին, վկաները` մատնեցին: Հավատը բերեց իմ դուռը, հավատը սպանեց ինձ: Որովհետև նրանք մարդ են, իսկ մարդը հավատի հետ խաղում է` ինչպես պատմուճանի, որ հագնում է տոն օրերին:


Անապատում այնքան շատ էին սև կարիճները` ասես մրցում էին ավազների հետ իրենց թվով: Ինձ թվում էր` կարիճները մեռնում են ծերությունից: Գիշերը այնքան մութ էր, որ ավազների վրա շարժումը հնարավոր էր միայն լսել, ոչ թե տեսնել: Սև կարիճը դուրս սողաց ավազների միջից ու որոշեց մի քիչ զբոսնել ու, եթե ստացվի, լուսաբացին ցողի մեջ ջուր խմել: Նա սողում էր անաղմուկ ու գուցե հասներ քարի տակ, եթե չղջիկը, որ նույնպես քաղցած էր ու գոնե երեք կարիճ պիտի ուտեր, որ ողջ մնար, չցատկեր կարիճի վրա: Չղջիկը երևի անփորձ էր ու վրիպեց և կարիճը պոչը խրեց նրա գլխի մեջ: Հիմա ո՞վ է ում ուտելու` մտածեցի ես: Բայց անապատում ուրիշ սնունդ չունեցող չղջիկը վաղուց էր ընտելացել կարիճի մահացու թույնին ու հաջորդ ցատկով կարիճն արդեն չկար: Չղջիկը գնաց հաջորդ կարիճին որոնելու: Նա քաղցած էր և անձնապես ոչինչ չուներ սև կարիճների դեմ ու հաճույքով ուրիշ ուտելիք կգտներ, եթե լիներ: Կարիճները նույնպես անձնապես ոչինչ չունեին չղջիկների դեմ, նրանք միայն զարմանում էին, որ անապատում չղջիկները ոչ թե թռչում են ու օդում են սնունդ որոնում, այլ` ավազների վրա: ՈՒ նրանց համար պատմական անարդարություն էր, որ անապատում չկային մոծակներ ու ճանճեր: Այդպես ոչ մի կարիճ չէր մեռնում ծերությունից, ոչ էլ որևէ չղջիկ: Միջերկրականից ամպերը քամիների թևերով հասել էին անապատ, խոնավությունը սփռվել էր ավազների վրա, առավոտյան ցուրտը գոլորշին վերածում էր կաթիլների ու անապատի բնակիչները սկսում էին ջուր խմել: Նրանք շտապում էին, որովհետև հենց արևը դուրս գար, կաթիլները գոլորշիանալու էին նորից ու ջուրն անհետանալու էր` ասես չէր էլ եղել: Անապատում անձրևներ չեն լինում: Միայն երբեմն` ձյուն: Հազվադեպ: Այնքան հազվադեպ, որ անապատի ձյունը միշտ հիշում էին անապատի բնակիչների նախնիներն ու նախնիների նախնիները: ՈՒ նրանք հավատում էին, որ եթե մի անգամ եկել է, էլի ձյուն կգա: Եվ հավատը փոխանցում էին սերնդեսերունդ: ՈՒ երբ անապատում ձյուն էր գալիս, բոլորն օրհնում էին իրենց նախնիներին, որ սովորեցրել են հավատալ ու սիրել անապատը: Սև կարիճի բախտը գիշերը չբերեց, բերեց չղջիկի բախտը ու նա քայլելով անապատի ավազների վրա` որոնում է սպիտակ ձյուն, որ իր զավակներին ժառանգի նախնիների հավատի սեփական վկայությունը: Երբ Անդրեասի ուռկանը խեցգետիններ էին ընկնում, նա ցանցից հանում ու ծովն էր նետում, Պետրոսը բարկանում էր` դու չես ուտում, ուտող կգտնվի, իսկ Անդրեասը հանդարտ պատասխանում էր` հարգիր ծովին, նրա ոչ բոլոր զավակներն են քո զոհերը: Եվ շարունակում էր խեցգետիններին ջուրը գցել ու նույնիսկ հրում էր, որ ափից հեռանան: Արագ հեռանան: Անդրեասը ձկնորս չէր, նա պարզապես երբեմն ձուկ էր որսում: ՈՒ ես առաջինը կանչեցի Անդրեասին, բայց երկնքի բանալիները տվեցի Պետրոսին…
Այն օրը Կապետն ինձ հիշեցնում էր սև կարիճին, իսկ Ռաբանիներն ու Հովհան Զորաբաբելը` չղջիկներին, որ դադարել են թռչել, որովհետև օդում սնունդ չկա: Եվ ոչ ոք մեղավոր չէ, որ ապրում է անապատում ու վկայում է` ինչ վկայված է իրեն:


Հատված «Ego eimi» գրքից
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 56511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ