Հայաստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք՝ Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա պնդմամբ, տարիներ շարունակ Հայաստանում կայացվել են քաղաքական, նախագահական նստավայրից, կառավարությունից թելադրված վճիռներ. Հիմա կարևոր է հարցը` ի՞նչ միջավայրում պետք է կատարվեն դատական բարեփոխումները: «Այս միջավայրում, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, որտեղ հնչում են գիլյոտինի կոչեր, քաղաքական վենդետաների կոչեր, ինչպե՞ս են հնարավոր բարեփոխումներ: Դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, բայց բացառապես օրենքի սահմաններում: Եթե մենք այս ամենը պետք է տանենք նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում կնյազ Յուրիկի հրահանգով ժողովրդի անունից քաղաքական գիլյոտիններ էին կախվում, մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու», - հայտարարեց Զոհրաբյանը: Նա չի հավատում նախկին համակարգի դատավորների վերափոխմանը, սակայն նաև նշեց, որ հանդուրժողական մթնոլորտում պետք է իրականացվեն փոփոխությունները: