ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում անցումային արդարադատության ներդրումից առաջ կարևորում է հասարակության շրջանում դրա վերաբերյալ ճիշտ ակնկալիքների ձևավորումը:
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորհրդարանական լսումներում նա ասել է. «Չափազանց կարևոր է հասարակությունում ճիշտ ակնկալիքների ձևավորումը ներդրվող ցանկացած նոր ինստիտուտի վերաբերյալ: Դա կնպաստի դրանց շատ ավելի սահուն գործադրմանը, դրանց նպատակների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ դատական համակարգում կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատարանների և՛ արտաքին, և՛ ներքին անկախությանը: «Մենք ունենք դատարանների նկատմամբ քաղաքացու վստահության պակասի խնդիր, իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ, որոնք առնչվում են արդար դատաքննության իրավունքին, ազատությունից զրկման մեխանիզմին: Մոնիտորինգը վկայում է, որ ազատությունից զրկման մեխանիզմը հաճախ անկատար է մնում հենց դատական համակարգում առկա խնդիրների պատճառով: Նաև խնդիրն այն է, որ այս ամենը թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ունի»,- նշեց Արման Թաթոյանը: