Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ իշխանափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել: Նա Tert.am-ի հետ զրույցում, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումները, խոսելով ՀՅԴ հանրահավաքում հնչած անհանգստությունների մասին, նշեց, որ իրեն անհանգստացում է, որ երկրում տնտեսության զարգացում դեռևս չկա և մտահոգված է Արցախի անվտանգությամբ: «Այն, որ ՀՅԴ-ն է այդ մասին խոսում, ես հասկանում եմ: ՀՅԴ-ն հզոր ուժ է, ռեգեներացիայի հնարավորություն միշտ ունեցող ուժ է, և հիմա քաղաքական այդ ուժը փորձում է նորից գեներացնել իր ուժերը,- ասաց նա՝ նկատելով, որ այս պահին ՀՅԴ-ն անում է ընդդիմության իր դերը,- պետք է քննադատի, բայց կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պետք է առաջարկներ էլ անի, որովհետև ամենահեշտն է՝ լինել ընդդիմություն՝ քննադատել և չառաջարկել այլընտրանքային ծրագրեր»:
Անդրադառնալով այսօրվա իշխանություններին և հարցին՝ նրանք ընդունում են իրենց ուղղված քննադատությունները և հետևություններ անում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ ավելի փորձառուները լսում են, իսկ երիտասարդաները քննադատության սովոր չեն, միանգամից ընդդիմանում են: «Երիտասարդները, որ քաղաքական դպրոց չեն անցել, սովոր չեն, որ իշխանությանը պետք է քննադատեն: Դա անփորձությունից է գալիս. Մի մասը ժամանակի ընթացքում կսովորի, մի մասը՝ այդպես էլ չի սովորի»,- ասաց նա:
Խոսելով իշխանությունների կատարած փոփոխությունների մասին՝ Կարեն Քոչարյանը մատնանշեց, որ առաջինը փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ թե իշխանությունում, թե պարզապես հասարակության մեջ: «Այսօր հասարակության մեջ քննադատելի է կաշառք վերցնելը: Ես չեմ ասում, որ չեն վերցնում: Դա մարդկության պես հին է, բայց համակարգային կոռուպցիա չկա և այսօր դատապարտելի է հասարակության կողմից»,- ասաց նա:
Կարեն Քոչարյանը մտահոգ է, որ տնտեսության ոլորտի զարգացմամբ, որտեղ չկան համակարգային փոփոխություններ և Արցախյան հիմնախնդրի լուծմամբ: «Պետք է գնալ միացման: Պետք է մի կողմ դնել քաղաքական մոտեցումները, և անգամ եթե գիտես, որ օրինակ, Արցախում հակահեղափոխության փորձեր են անում, պետք է քո բարձր դիրքից հանդես գաս»,- ասաց նա: Վարչապետի կողմից Արցախում դավադիրներ փնտրելն էլ կարող է խնդիրներ առաջացնել երկու հայկական պետությունների հարաբերություններում, Արցախի անվտանգության համար:
«Հասկանալով, որ դա նման հետևանքներ կարող է առաջացնել, բոլորը հետ քաշվեցին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
Անդրադառնալով ներքաղաքական դաշտի միտումներին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նորմալ է, որ այսօր հասարակությունն առավել շատ հեղափոխությունից հետո իշխանություններին է համակրում, քան ընդդիմությանը: «Դա նորմալ իրավիճակ է հետհեղափոխական Հայաստանի համար: Հետո ամեն ինչ տեղը կընկնի: Ընդդիմության դերի բարձրացումը մի քանի բանից է կախված լինելու՝ թե գործիչների առանցք ունենալուց, թե նրանց խարիզմատիկ լինելուց, թե հասարակության մեջ աշխատանք անելու կարողությունից: Բայց քանի դեռ ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, նրա վարկանիշը բարձր է լինելու, որովհետև յուրաքանչյուրը կարող է քննադատել Նիկոլ Փաշինյանին, բացի իրենցից: Նրանք չեն կարող լինել ընդդիմություն: Գոնե մոտակա տարիներին նրանք կլինեն մարգինալ: Նոր ձևավորվող ուժերը կարող են ձևավորել ընդդիմությունը»,- ասաց նա: