Նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չեն լինելու, այս մասին այսօր «Տաթևեր» ճոպանուղու տարածքում կազմակերպված «Իմ քայլը հանուն Սյունիքի» մարզի ներդրումային գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա ներդրողներին կոչ արեց գալ մարզ ու միասին զարգացնել: «Մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն՝ երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն և օժանդակություն, - ասաց մարզպետը: - Մեզ համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններ են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Ես կոչ եմ անում բոլորիս լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտվել այս հարթակից և ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի՝ եկեք Սյունիք, ներդրում արեք Սյունիքում, միասին զարգացնենք Սյունիքը»։