Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է նման հեղինակավոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել գագաթաժողովի աշխատանքների և կազմակերպիչների հետ համագործակցության հեռանկարների մասին: Նա անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը: Զրուցակիցները խոսել են համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշվել է, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանված և օրենքներով առաջնորդվող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարևորվել է խոր հարգանքը պետական ինստիտուտների հանդեպ: Նշելով, որ երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ և անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտությունը: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք պետք է իրականացվեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ: