Եվրահանձնաժողովում ակներև են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, և հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին՝ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Ես կասեի՝ ո՛չ, պոպուլիստները չեն շահել այս ընտրությունները: Ընդհանուր առմամբ հաղթել են եվրոպամետ ուժերը, այսինքն նրանք, որ ցանկանում են աշխատել Եվրոպայում և Եվրոպայի համար, այլ ոչ թե նրանք, որ ցանկանում են քանդել Եվրոպան»,- ասել է մամուլի քարտուղարը՝ ի պատասխան մայիսի 23-26-ին կայացած եվրոպական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքի: «Այժմ մենք եվրոպամետ մեծամասնություն ունենք խորհրդարանում: Այս ընտրությունները ցույց են տալիս, որ եվրոպական դեմոկրատիան իրեն լավ է զգում, և ողջ է»,-հավելել է նա: 28 երկրներում ընտրությունների՝ մայիսի 27-ին նախնական արդյունքների համաձայն՝ ԵԽ-ի առաջատար աջ կենտրոնամետ խմբակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, 2014-ի ընտրությունների համեմատ կորցնում է 36 պատգամավորական մանդատ: