Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Նաիրա Գյուրջինյանի «Jazzel» ստուդիայի սաները շնորհավորեցին Շառլ Ազնավուրի հոբելյանը` նրան նվիրելով «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը։
Համերգային երեկոն մայիսի 28-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Համերգի միտքն առաջացել է դեռ անցյալ տարվա մայիսի 22-ից։ Այդ ժամանակից ի վեր սկսեցինք երգերի ընտրությունը, աշխատանքը սցենարի վրա, օգտվել ենք Շառլ Ազնավուրի հեղինակային գրքերից»,-նշեց «Jazzel»-ի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը: Նրա խոսքով՝ «Jazzel» ստուդիայի «Only girls» և «Fresh» խմբերը երգերը կատարելու են ֆրանսերեն և նախապես թարգմանվել են հայերեն, որ երգիչներն իմաստն ամբողջությամբ հասկանան, քանի որ Ազնավուրի ամեն երգը հետաքրքիր պատմություն է։ Գյուրջինյանը շեշտեց, որ մեկ տարում երգիչները մարդկային առումով շատ են հասունացել։ «Համոզված եմ, որ երիտասարդ սերունդն ավելին ունի ասելու, քան բազմաթիվ կայացած արտիստներ»,-ասաց նա։
Հնչեցին Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծագերում։ Համերգային ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրին Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանն է, խոսքերը գրել է Դոնարա Փայտարյանը: Երեկոյին ներկա էր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր, նա բեմ բարձրացավ և ասաց, որ եթե հայրը ներկա լիներ՝ անպատճառ կհավաներ համերգը։