ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստանի մայրաքաղաք ավարտվել է։ Վարչապետի մամուլ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ և մասնակցել պաշտոնական ճաշին։ «Հիմա մենք ինքնաթիռում ենք, պատրաստվում ենք թռիչքի: Մենք էստեղ ունեինք երկու ծրագիր, մեկը՝ վարչապետի այցելության ծրագիրն է, մյուսը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ծրագիրը, որի նախագահողը մենք էինք: Երկուսն էլ ամբողջությամբ կատարվել է, և բոլոր հանդիպումները ժամանակին տեղի են ունեցել», - ասաց Կարապետյանը: Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված չէր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովին, և ֆորումի շրջանակում կկայանա նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը։
ԵԱՏՄ-ն զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար, այսօր Նուր-Սուլթանում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև ԵԱՏՄ միջազգային գործընկերների շրջանակը, շուտով ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի պայմանագիրը, ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի հետ, բանակցում են Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ:
Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը, որի աշխատանքներն ամփոփեցին կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Հինգ տարի առաջ Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը կնքել են Եվրասիական միության մասին համաձայնագիրը, այնուհետև նրանց են միացել նաև Հայաստանը և Ղրղըզստանը։
Եվրասիական միության գաղափարը 25 տարի առաջ առաջինը հնչեցրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նա համարվում է այս միության կնքահայրը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեկ Նազարբաևի անվան շքանշաններ է հանձնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի նախագահներին։
Նուր-Սուլթանում Հայաստանի վարչապետը նաև երկու հանդիպել է Ղազախստանի առաջին և գործող նախագահների հետ։ Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ղազախստանը մեծապես հետաքրքրված է շարունակելու ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Փաշինյանը համաձայնել է Տոկաևի առաջարկին` հանձնարարել Հայաստանի և Ղազախստանի նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: