Բողոքի ակցիա անող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ցանկանում են, որպեսզի շահումով խաղերի ավտոմատները գազալցակայաններում շարունակեն գործել՝ լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խորհրդարանում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ փակ քննարկումից հետո։
«Մենք որոշել ենք բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել մեկ ու կես տարով, բայց այդ խաղային ավտոմատների արգելքը միանգամից ուժի մեջ կմտնի։ Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք այդ ավտոմատները ևս որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք ինչ է հնարավոր անել»,- ասաց Թունյանը։ Բաբկեն Թունյանը նշեց, որ նոր նախագծով մեկ ու կես տարի առնվազն ձեռք չեն տալու բուքմեյքերական կետերին։ Այդ մեկ ու կես տարում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի ընկերություններից մեկը շահի, մյուսը կորցնի։