ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է՝ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելը «տարբերակ չէր»: ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին երկու տարի տևած հետաքննության ավարտից հետո Մյուլլերն այսօր առաջին անգամ է խոսել: Նա ասել է, որ եթե իրեն Կոնգրես հրավիրեն, իր զեկույցում ներառված տեղեկություններից բացի հավելյալ ոչինչ չի կարող ասել: Զեկույցը հրապարակվել է ապրիլին: Մյուլլերն այս հայտարարությունն արել է Կոնգրեսի դեմոկրատների կողմից հատուկ դատախազի ուսումնասիրությունների, Թրամփի ֆինանսական գործարքների հետաքննությունների ֆոնին: Դեմոկրատները շարունակաբար կոչ են անում Թրամփի իմփիչմենթի գործընթաց սկսել: Մյուլլերը հայտարարել է՝ իր հիմնական եզրակացությունն է, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի նախագահական ընտրություններին: «Եղել են բազմակի, համակարգված գործողություններ՝ միջամտելու մեր ընտրություններին»,- ասել է ԱՄՆ հատուկ դատախազը:
Մյուլերի զեկույցում անդրադարձ կար հարցին, թե Թրամփը կամ մյուսները փորձել են ազդեցություն գործել հատուկ դատախազի վրա, որ հանցագործություն է:
Մյուլերը կրկնել է, որ ԱՄՆ գործող նախագահի դեմ հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել՝ համաձայն արդարադատության նախարարության ուղեցույցների:
«Թրամփին մեղադրանք ներկայացնելը մեր տարբերակների մեջ չի եղել»,- ասել է նա և կրկնել է իր զեկույցի երկրորդ ամենակարևոր բացահայտումը՝ եթե ինքն ու իր հետաքննողները վստահ լինեին, որ Թրամփը ոչ մի հանցանք չի գործել, անպայման կնշեին իրենց զեկույցում: Թրամփի քննադատները զեկույցի հենց այս հատվածը վկայակոչելով՝ պնդում են, որ ԱՄՆ նախագահին իմփիթմենթի ենթարկելու լսումներ պետք է սկսվեն: