Ազգային ժողովը դատական համակարգը բարեփոխելու, դատավորներին զտելու՝ վեթինգի ենթարկելու նախագծի աշխատանքները սկսել է: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովի խմբակցություններին հորդորեց առաջարկներ ներկայացնել: «Այս պահին նախագիծը գտնվում է վերջնականացման փուլում, և այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով մեր գործընկերներին թե ԲՀԿ, թե ԼՀԿ խմբակցությունից՝ մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկներ, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի այդ նախագիծը», - նշեց Մակունցը:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին վրդովվեցրեց Մակունցի առաջարկը: Ասաց՝ պետք է խումբ ձևավորեին ու միասին աշխատեին, ոչ թե միայն առաջարկներ պահանջեն ընդդիմությունից: «Տիկին Մակունց, նախ՝ եթե ամիսներ առաջ սկսել եք աշխատել դրա շուրջ ու մենք, կներեք, խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ ուղերձ է: Ես գիտեմ, որ ամիսներ առաջ անցումային արդարադատության շուրջ եք աշխատել, վեթինգը եղել է նոր: Հիմա՝ եթե ինչ֊որ բան կա, պետք է խումբ ստեղծել, էդ խմբով աշխատել, ոչ թե աշխատել մի բանի շուրջ ու ասել՝ մենք մի բանի շուրջ աշխատում ենք, եթե մտահոգություններ ունեք, առաջարկություններ ունեք՝ տվեք: Ինչի՞ շուրջ տանք, ինչ իմանանք ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ տանք: Այսինքն՝ կամ պետք է ներառական աշխատանք տարվի, կամ ուղղակի դա արտահայտությունա, որ արվում ա», - հայտարարեց նա:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե առաջարկներն ուշացած չեն, ժամկետների սահմանափակում չկա․ «Արդեն խաբար եք ու կարծում եմ առաջարկները և քննարկումները տեղի կունենան, որևիցե մեկը ժամկետային սահմանափակում կամ որևիցե շտապեցնելու ցանկություն չունի»: