Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՈՒզում են պետության հաշվին կատարված ծախսերը թաքուն մնան

ՈՒզում են պետության հաշվին կատարված ծախսերը թաքուն մնան
31.05.2019 | 01:21

Նորություն չէ, որ այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մերժում էր, այսօր դրանից չի հրաժարվում, ու ճիշտ կլինի, որ իր թիմակիցներն այս փաստից չնյարդայնանան, հասարակության հիշողությունն այդքան էլ կարճ չէ։ Այս շաբաթ ընդդիմադիր խմբակցություններից մեկի՝ ԼՀԿ-ի «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գնումները դարձնել հրապարակային, չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Մեծամասնության պատճառաբանություններն առնվազն անհասկանալի էին, թեև ընդամենը մեկ տարի առաջ այս ամենի վերաբերյալ քննադատության տարափ էր տեղում Փաշինյանը։ Մեզ հետ զրույցում ԼՀԿ խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ նախագծի մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ այսօրվա իշխանություններն էլ չեն ցանկանում իրենց արարողակարգային ծախսերը թափանցիկ դարձնել։ «Որևէ սպառնալիք, ռազմական գաղտնիքի բացահայտում այստեղ չկա, դրանք արարողակարգային ծախսերն են, որոնք 2017-ի ՀՀԿ-ն փոխեց, որովհետև հանրությունը սկսել էր հետևել, թե ինչ ծախսեր են կատարում բարձրաստիճան պաշտոնյաները»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, որ իրենք ընդամենն առաջարկում են օրենքի նախկին ձևի վերականգնում։


Ըստ մեր զրուցակցի՝ նոր իշխանությունները հարմարվում են Սերժ Սարգսյանի կոստյումին։ «Ինչպես նախկինների պարագայում, իրենք էլ չեն ուզում այդ ծախսերը հրապարակայնացնել, քանի որ հասարակության շրջանում հարցեր կառաջանան, թե ինչու են արվում ծախսեր, որոնք ընդունելի չեն»,- շեշտեց Սամսոնյանը։ Դիտարկմանը, թե իրենք արդեն տեսնու՞մ են անհարկի ծախսեր, որոնք հիմք դարձան օրենքի փոփոխության, ԼՀԿ խմբակցության անդամն ասաց, որ առայժմ նման կասկածներ չունեն, բայց եթե ոմանք դեմ են այդ փոփոխություններին, գուցե թաքցնելու բա՞ն ունեն։


Հիշեցնելով իմքայլականների հակադարձումները, թե ԼՀԿ խմբակցության անդամները փորձում են պոպուլիզմով զբաղվել, Անի Սամսոնյանը հակադարձեց. «Եթե մենք այսօր պոպուլիստ ենք, ապա 2017-ի իրենց թիմն էլ էր պոպուլիստ, որ դեմ էր այսպիսի օրենք ընդունելուն, ինչու՞ էր իր ոճին հավատարիմ Փաշինյանն անձամբ խոսում դրա դեմ, ինչու՞ այն ժամանակ դա պոպուլիստական չէին համարում»։ Այն նկատառմանը, թե այսօր շատ հաճախ է իշխանությունն իր նախորդ հայտարարություններից հետ կանգնում, սրբագրում, պատգամավորը փաստեց. «Երբ ընտրություններին մասնակցելու հայտ ես ներկայացնում, հանրությանը խոստումներ ես տալիս, ունես կերպար, որով հանրությունը քեզ ընկալում է և ուզում է հենց այդպիսին գաս իշխանության։ Եթե պիտի գաս իշխանության ու փոխվես, հասարակությունը քեզ չպետք է վստահի։ Եթե ես այսօր խոստումներ եմ տալիս, վաղը կառավարությունում պաշտոն եմ ստանում ու դրանք չեմ կատարում, հասարակությունը երկրորդ անգամ չի վստահի ինձ։ Սա նաև շատ վտանգավոր է։ Ընդդիմությունը կարող է ցուցաբերել շատ անպատասխանատու վարք, ցույց տալ մի կերպար, որը հաճելի է ժողովրդին, գալ իշխանության և ասել՝ կներեք, հիմա այլ կերպ ենք մտածում։ Այդպես չի լինում, հասարակության առաջ դա արդար չէ»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ