Հասկանալու համար, թե Հայաստանում անհրաժեշտ է վեթինգ իրականացնել, թե ոչ, նախ պետք է լինի վեթինգի վերաբերյալ նախագիծ, իսկ բարձրաձայնվող ձևաչափերի վերաբերյալ Հայաստանում օրենսդրական կարգավորումներ կան՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Նրա խոսքով՝ համապատասխան նախագծով է հասկանալի լինելու, թե ինչ գործիքակազմ է նախատեսվում կամ ինչ լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ: Դատավորների գույքային, ֆինանսական դրությանը, քաղաքական կապերին ու մասնագիտական որակները, ըստ Խունդկարյանի, ՀՀ օրենսդրությամբ կարգավորվում են, իսկ թե «որքանով են այդ օրենսդրական կարգավորումները մեզ բավարարում կամ ոչ, դրա շուրջ կարելի է քննարկումներ ծավալել»:
«Ինչ վերաբերում է վեթինգային երկրորդ հատվածին՝ դատավորների քաղաքական փոխկապակցվածությունը վեր հանելու վերաբերյալ, ներկայումս էլի մեր օրենսդրությամբ դատավորը պարտավորված է քաղաքական զսպվածություն դրսևորել, դատավորն ապաքաղաքականացված, ապակուսակցականացված անձ է, երբևէ նա չի կարող բարձրաձայնել իր դիրքորոշումը որևէ կուսակցության վերաբերյալ կամ բարձրաձայնել իր համակրանքի մասին, սա վարքագծի կանոնների ուղղակի խախտում է: Դատավորը հնարավորինս հեռու պետք է մնա քաղաքական դեմքերի հետ կապ ունենալուց, որպեսզի իր այդ կապով որոշակի կասկածներ չառաջացնի դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ներկայումս մեր օրենսդրությամբ եթե կպարզվի, որ դատավորն ունի քաղաքական կապեր, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ընդհուպ մինչև դատավորների լիազորությունների դադարեցման»,- ասաց Խունդկարյանը:
Անդրադառնալով դատավորների մասնագիտական որակներին՝ նա նշեց, որ եթե փորձելու ենք դատավորի մասնագիտական պատրաստվածության աստիճանը որոշել, յուրաքանչյուր դատավորի դատական ակտը հասանելի է դատական իշխանության կայքերում, բացի այդ նրանք վերապատրաստումներ են անցնում և այլն: Խունդկարյանը շեշտեց, որ դատավոր դառնալու գործընթացն ամենաբարդն է ի տարբերություն մյուս հանրային ծառայողների նշանակմանը կամ ընտրությանը, և բացի այդ, յուրաքանչյուր դատավորի աշխատանքի գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ վեթինգ իրականացնելու բոլոր այն խնդիրների մասին, որոնց մասին բարձրաձայնվել է, ՀՀ օրենսդրությունը լայն կարգավորումներ ունի. «Եթե այդ կարգավորումներն ինչ–որ տեղ խնդիր ունեն, ինչ-որ տեղ հանրությանը լիարժեք տեղեկատվություն չեն տալիս հասկանալու դատավորների որակի, գույքի, սեփականության մասին, կարելի է մտածել օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին»: