«Հյուսիսային Կորեայում գնդակահարվել է արտգործնախարարության` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու ողջ թիմը», - այսօր գրում են հարավկորեական և արևմտյան լրատվամիջոցները: Նրանց պնդմամբ՝Փհենյանը հենց այս դիվանագետներին է պատասխանատու համարում Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի` Հանոյում փետրվարի վերջին բանակցությունների տապալման համար:
Սեուլում լույս տեսնող «Չոսուն Իլբո»-ի տեղեկություններով մահապատժի է ենթարկվել ԱՄՆ հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Կիմ Հյոկ Չոլը, որին հյուսիսկորեական իշխանությունները «ամերիկացի իմպերիալիստների կողմից հավաքագրվելու և գերագույն առաջնորդին դավաճանելու» մեղադրանք են ներկայացրել: Չոլից բացի գնդակահարվել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ևս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ևս կասկածել են ԱՄՆ-ի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Հարավկորեական մամուլի տեղեկություններով՝ դիվանագետների սպանությունը տեղի է ունեցել մարտին: Նրանց նախ հարցաքննել են, ապա` գնդակահարել: Այդ ամենը տեղի է ունեցել Փհենյանի արվարձաններից մեկում գտնվող «Միրիմ» ավիաբազայի տարածքում:
Մահապատժի ենթարկված դիվանագետները ամիսներ շարունակ զբաղված էին Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի` Հանոյի բանակցությունների նախապատրաստմամբ: «Հանոյում կայացած այդ բանակցությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավարը Թրամփից պահանջեց վերացնել իր երկրի դեմ սահմանված առավել ցավոտ պատժամիջոցները` փոխարենը խոստանալով ապամոնտաժել միջուկային օբյեկտների մի մասը: Թրամփը առաջարկը մերժեց` պահանջելով, որ Փհենյանը դեռ մինչև պատժամիջոցների վերացումը ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրի իրագործումից», - գրում է The New York Times-ը:
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` արևեմտյան վերլուծաբանները Հանոյի գագաթաժողովից հետո շաբաթներ շարունակ փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ հյուսիսկորեացի դիվանագետների թիմը իր ղեկավարին չէր նախապատրաստել բանակցությունների նման անբարենպաստ ելքին, ինչի հետևանքով Չինաստանի ողջ տարածքով գնացքով Վիետնամ ժամանած Կիմ Չեն Ինը դատարկաձեռն վերադարձել էր հայրենիք: Կիմ Չեն Ինը և Դոնալդ Թրամփը Հանոյի բանակցությունների ժամանակ, հակառակ ընդունված կարգի, նախնական համաձայնագրի տեքստ չեն ունեցել: «Երկու երկրների դիվանագետներն ակնկալում էին, որ պետությունների ղեկավարներն իրենք կկարողանան լուծել ամենասուր խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտում էին բանակցությունների ընթացքին», - գրում է ամերիկյան մամուլը:
Հարավկորեական թերթերի տեղեկություններով՝ ԱԳՆ պաշտոնյաներից բացի բռնաճնշումների է ենթարկվել նաև Հյուսիսային Կորեայի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յոն Չոլը, որին, որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալել են՝ ուղարկելով երկրում գործող աշխատանքային ճամբարներից մեկը: Սեուլյան մամուլի տեղեկություններով՝ նպատակը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի «գաղափարական վերադաստիարակությունն» է: Կիմ Յոն Չոլը մինչև ձերբակալությունը զբաղեցնում էր նաև Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրներով գլխավոր բանագնացի պաշտոնը: Անցած տարվա հուլիսին հյուսիսկորեացի պաշտոնյան Փհենյանում բանակցություններ էր անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև Կիմ Չեն Ինի թարգմանիչը` Հանոյի բանակցությունների ընթացքում թույլ տված սխալի համար:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Բեռլինում հայտարարել է, որ փորձում են ստուգել հյուսիսկորեացի դիվանագետների սպանության տեղեկությունների իսկությունը: Հարավային Կորեայի իշխանությունները ևս հայտնում են, որ դիվանագետների գնդակահարության մասին որևէ պաշտոնական տեղեկատվության առայժմ չեն տիրապետում: Անուղղակի որոշ նշաններ վկայում են, որ բռնաճնշումների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Դրանցից մեկը Հյուսիսային Կորեայում լույս տեսնող գլխավոր պաշտոնաթերթում` «Ռոդոն Սինմուն»-ում հինգշաբթի օրը լույս տեսած հրապարակումն է, որում հիշատակված են «մի շարք պատոնյաների հակակուսակցական և հակահեղափոխական գործողությունները»: «Այդ պաշտոնյաները ձևացնում են, թե աշխատում են գերագույն առաջնորդի համար: Իրականում, սակայն, նրանք առաջնորդի թիկունքում միանգամայն այլ երազանքներ են փայփայում», - գրել է հյուսիսկորեական պաշտոնաթերթը: