ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազմվում է համապատասխան արձանագրություն։ Նարինե Թուխիկյանին, ըստ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի, փոխարինելու է Արթուր Հովհաննիսյանը:
2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նարինե Թուխիկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները և հավաքել էր 759 ձայն: Նարինե Թուխիկյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով, քանի որ ցուցակի 20-րդ համարն էր: Համամասնական ցուցակում Նարինե Թուխիկյանին հաջորդող Արթուր Հովհաննիսյանը 82-րդն է: