Մայիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ կառավարության բանակցությունների օրակարգում: Ձեռք է բերվել համաձայնություն հետևյալի մասին՝
1. Ենթակապալառու ընկերությունները կառավարության հետ երկխոսությունում խուսափելու են վերջնաժամկետների առաջ քաշումից և փողոցներ փակելու գործելաոճից,
2. Կառավարության կողմից 1.5 ամսում ուսումնասիրվելու են խնդրի լուծման տարբերակները և աշխատանքներ են իրականացվելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով:
Շինարարությունն իրականացնողները փակել էին «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը: Նրանք դժգոհում էին, որ արդեն 10 ամիս՝ աշխատավարձ չեն ստացել։