Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կենցաղային է՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու նրա կողմնակիցների հետ կապված միջադեպին. «Նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը:
Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: