Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Տուն-թանգարանի բացման արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:
«1965-ին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև Լուսինե Զաքարյանին»,պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն ՍուսաննաԴավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: «Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը: