Հունիսի 2-ին Բեռլինի Լիխտենբերգի շրջանի «Փրկչի» Եկեղեցում Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռամբ տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և իր Գրետա մայրիկի: Պատարագի ավարտից հետո անցկացվեց Սպարապետի 60-ամյակին նվիրված հիշատակի երեկո: Երեկոյին Վազգենի որպես եղբոր, որդու և մարդու մասին իր հուշերով բեռլինահայ ներկաների հետ կիսվեց Սպարապետի եբայր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նրան ուղեկցում էին տիկինը և եղբորորդին: Երեկոյին ՀԵՄԱ հ/կ կողմից Սպարապետ Վազգեն Սարգսյանի դիմանկարի հետևում բեռլինահայերի հուշագրերով և Բրանդենբուրգյան դարբասների մանրաքանդակով հուշանվերները հանձնվեցին Սարգսյանների ընտանիքին: Երեկոյի ավարտից հետո Փրկչի եկեղեցու բակում հայկական խորովածի շուրջ բեռլինահայերը անցկացրին ազատ և հետաքրքիր երկխոսություն Հայաստանից ժամանած հյուրերի հետ: Երեկոյին և խնջույքին մասնակից էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: