Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները՝ կապված երկրի հաջորդ վարչապետի հետ, անվանել է «անթույլատրելի միջամտություն» Մեծ Բրիտանիայի գործերին: Թրամփը Մեծ Բրիտանիա այցից առաջ հարցազրույցում աջակցել է Բորիս Ջոնսոնին, որը Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի գլխավոր թեկնածուներից է: «Նախագահ Թրամփի փորձը որոշելու, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի վարչապետը, բացարձակապես անթույլատրելի միջամտություն է մեր երկրի ժողովրդավարությանը», - ասել է Քորբինը և հրաժարվել է ներկա գտնվել Թրամփի պատվին կազմակերպվելիք պետական ընդունելությանը:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է ընտրվի ոչ թե ԱՄՆ նախագահի, այլ բրիտանացիների կողմից համընդհանուր ընտրությունների ժամանակ: