The Wall Street Journal-ը գրել է՝ «Ռոստեխ»-ը կրճատել է Վենեսուելայում աշխատող աշխատակիցների թիվը հազարից մինչև մի քանի տասնյակի, քանի որ համարում է, թե նախագահ Նիկոլաս Մադուրոն պարտվել է և չի կարող դիմակայել ԱՄՆ-ի ու ընդդիմության ճնշմանը:
Վենեսուելայում ՌԴ դեսպան Վլադիմիր Զաեմսկին հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, թե Մոսկվան կատարում է Վենեսուելայի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: The Wall Street Journal-ը գրել էր, որ Վենեսուելայում աշխատում էր հազարից ավելի ռուսաստանցի մասնագետ: Վերջին ամիսներին կորպորացիան ակտիվորեն կրճատում է իր աշխատակիցների թիվը. «Ռուսական կողմը իր մասնագետներին դուրս է բերում Վենեսուելայից, քանի որ Մադուրոյի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական պարտավորությունները, չկան նաև նոր գործարքներ»:
«Դեռ անցած տարվանից «Ռոստեխ»-ը չի ստանում հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ գործարքով նախատեսված վճարումները», - գրում է պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի իր աղբյուրին: Վենեսուելայի ընդդիմության՝ հեղափոխություն իրականացնելու փորձից հետո Ռուսաստանը մնացել է Մադուրոյի հիմնական դաշնակիցներից մեկը, և Մոսկվայի աջակցությունը Մադուրոյի համար չափազանց կարևոր է: Ռուս մասնագետների թվի կրճատման մասին «Ռոստեխ»-ի որոշումը հարված է Մադուրոյին: