ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր ընդունել է ԱԺ շենքի մոտ բողոքող քաղաքացիներին, խոսել նրանց հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը վստահեցրեց՝ քաղաքացիները խորհրդարանից հեռացել են գոհ:
«Նրանք բողոքում էին 14 000 պետական տուրքից, որը սահմանվում է Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ ու, բնականաբար, իրենց դա ձեռնտու չէ: Բայց ավելի շատ բողոքում էին ժամկետից, որ պետք է օրենքն ընդունելուց հետո վեց ամիս ժամանակ տրամադրվի՝ պատրաստվելու համար: Բայց տեղական արտադրողները կարող էին սնանկանալ այդ վեց ամսվա ընթացքում ու տեղական արտադրողին պաշտպանելու համար հրատապ խնդիր կար: Այդ նպատակահարմարությունը շատ խիստ ընդգծված էր», - բացատրեց պատգամավորը: Ցեմենտի ներկրմանը վերաբերող «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ուժի մեջ է մտնելու հրապարակումից 10 օր հետո: Նա ասաց, որ ցեմենտ Հայաստան ներկրելու համար սահմանվող 14 000 դրամ պետական տուրքը նորմալ գին է՝ հաշվի առնելով, որ ցեմենտ արտադրողները սկզբում պահանջել են 30 000 դրամ, իսկ հետո կառավարությունը՝ 22 000 դրամ: «Բայց կառավարության ու խորհդարանում բազմաթիվ քննարկումների ու հաշվարկների արդյունքում որոշվեց սահմանել 14 000 դրամ» , - նշեց Բաբկեն Թունյանը: