ԱՄՆ-ը ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել: Արաբական Asharq Al-Awsat պորտալը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին՝ գրել է. «Կողմերը կքննարկեն «ճանապարհային քարտեզը», որի շրջանակում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային Սիրիայի հարցով առաջարկներ կանեն, օրինակ՝ երկրի վերականգնում, նախագահ Բաշար Ասադի օրինական իշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում, ինչի փոխարեն Ռուսաստանը պետք է հանձնառություն ստանձնի այդ երկրում Իրանի դերը զսպելու հետ կապված հստակ գործողությունների իրականացման գործում»: The Times of Israel-ը հավելում է, որ եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի վերջին: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը մտադիր են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր քննարկել: Սակայն քննարկվելիք թեմաների շարքում առանցքային է լինելու տարածաշրջանում Իրանի՝ վերջին շրջանում նկատվող դիրքի ամրապնդումը: Մոսկվան Դամասկոսի և Թեհրանի մերձավոր դաշնակիցն է, մինչդեռ Իսրայելն ու ԱՄՆ-ն իսլամական պետության թշնամիներն են: Իսրայելը փորձում է կանխել իր սահմանների մոտ՝ Սիրիայում, թշնամական պետության դիրքերի ամրապնդումը: