Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետևանքներ կունենա Վաշինգտոնի համար: ABC հեռուստաալիքին հարցազրույցում նա ասել է. «Եթե ԱՄՆ-ը որոշել է այսքան ցավ պատճառել Իրանի ժողովրդին՝ տնտեսական պատերազմ սկսելով, տնտեսական ահաբեկչություն սանձազերծելով Իրանի դեմ, հետևանքներ կլինեն»: «Մենք տարբերություն չենք տեսնում տնտեսական պատերազմի և իրական ռազմական գործողությունների միջև», - ընդգծել է նա:
«Մենք պարզորոշ հասկանում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինում: Պատերազմում տանուլ են տալիս բոլորը, բայց ոմանք ավելի շատ են կորցնում, ոմանք՝ ավելի քիչ», - նշել է Իրանի ԱԳ նախարարը: «Իրանի դեմ սպառնալիքները չեն աշխատում։ Երբեք մի սպառնացեք Իրանին: Փորձեք հարգանքը, դա կարող է աշխատել», - ասել է Զարիֆը։