Վարչապետ Փաշինյանի Ղազախստան այցի ընթացքում բոլոր հայերի ավտոմեքենաները ստուգելու մասին հրահանգները չեն համապատասխանում իրականությանը՝ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Կալայչիդին հայտարարել է, որ ներկայում ստուգում է անցկացվում մայրաքաղաք Նուր Սուլթանի ոստիկանության և սահմանային անվտանգության վարչության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Բաուրժան Խանտեմիրովի հայտարարության տեսատարբերակի տարածման առնչությամբ:
Ինչպես նշում է nur.kz-ն, սոցցանցերում տարածվող տեսանյութում Խանտեմիրովը կոչ է անում ստուգել «հայկական պետհամարանիշերով մեքենաները» և նախազգուշացնում է, որ եթե դրանց վերաբերյալ արձանագրություններ չկազմվեն, առավոտյան դասակների բոլոր հրամանատարները պետք է բացատրականներով իրեն ներկայանան: Հարցի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանից, նա ևս հաստատեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Համացանցում հայտնված ձայնագրությունը չի վերաբերել վարչապետի այցի ընթացքում ինչ-որ վերահսկողություն կատարելուն: Վերջին շրջանում ընդհանրապես Հայաստանից բավականաչափ ավտոմեքենաներ են ձեռք բերում Ղազախստանի քաղաքացիները և պետհամարանիշները չեն փոխում, թողնում են հայկական համարները, իսկ հետո, երբ երթևեկության կանոնների խախտում են թույլ տալիս, հետագայում իրենց տուգանելը խնդիրների հետ է կապված»,-ասաց նա: Դեսպանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին, որոնց ղեկին 99 տոկոսով Ղազախստանի քաղաքացիներ են և մեքենաները ձեռք են բերել Հայաստանից: Նա նշեց, որ դա ոչ հայերի հետ է կապված, ոչ էլ որևէ կերպով վարչապետի այցի հետ: