Հունիսի 4-ին Նիկոսիայում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Զոհրաբ Մնացականյանը հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու և ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Նիկոս Քրիստոդուլիդեսն, անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, համոզմունք են հայտնել, որ այս նոր ձևաչափով համագործակցությունը կդառնա ամուր հարթակ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության խթանման և զարգացման ուղիների շուրջ բաց քննարկում ծավալելու և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը նախանշելու և իրականացնելու համար։ ԱԳ նախարարները շեշտել են, որ նոր ձևաչափն արդյունավետ կերպով կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությանը։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն աջակցություն է հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: