ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել 2008-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, նա կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Հաղորդագրությունում ասված է․ - «2008-ի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը»:
Տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, բայց գիտակցության չգալով մահացել: Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»: