Միլանում սկսվել է Ադրբեջանի իշխանություններից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԵԽԽՎ նախկին պատգամավոր, իրավական հարցերով և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դատական պրոցեսը՝ հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ հայտնելով, որ առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Իտալիայի ոստիկանությունը անվտանգության ուժեղ վերահսկողություն է սահմանել։ Սա միջազգային սկանդալային գործի մի մասն է։ ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիոն գործերով ուսումնասիրող անկախ քննչական խումբը անցյալ տարի զեկույց էր հրապարակել. ուսումնասիրություններից հետո քաղաքականությունից հեռացել էր ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։ ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մասին առաջին անգամ նշել էր Եվրոպական կայունության նախաձեռնություն վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, որից հետո այդ պնդումները առավել ուշադրության տակ հայտնվեցին, երբ սկսեցին անկախ խմբերի ուսումնասիրությունները և իրավապահների հետաքննությունները։ Նախանցյալ տարի վեց տասնյակ պատգամավորներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, պահանջելով անկախ մարմին ստեղծել՝ հետաքննելու ԵԽԽՎ-ի պատգամավորներին կաշառելու մասին արևմտյան մամուլում հայտնված տեղեկատվությունները։ Իտալացի Լուկա Վոլոնտեն խավիարային դիվանագրտության մեջ համարվում է ակտիվ դերակատար։ Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից 2 300 000 եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարի մի մասը նա ծախսել է ԵԽԽՎ այլ պատգամավորներին կաշառելու մեջ, որ տապալվի Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի համար ոչ ցանկալի բանաձևերի ընդունումը ԵԽԽՎ-ում։
Այդ գործունեության արդյունքում 2013-ին Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով բանաձևի ընդունումը տապալվել էր։ 2016-ին Միլանի դատախազությունը արդեն հետաքննություն էր սկսել և մեղադրանք առաջադրել Վոլոնտեին, իսկ հիմա սկսվել է դատավարությունը։